Շարունակվում են 2-ամյա Տիգրանի որոնումները. Նրան առնչվող որևէ իր չի հայտնաբերվել

Շարունակվում են 2-ամյա Տիգրանի որոնումները. Նրան առնչվող որևէ իր չի հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Մայիսի 14–ի վաղ առավոտից շարունակվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա Տիգրանի որոնողական գործողությունները։ Ինչպես հայտնել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանը՝ որոնումներին ներգրավվել են շուրջ 100 փրկարար։

Նրա խոսքով՝ երեխան, Տիգրանը, անհետացման պահին եղել է կապույտ գույնի հագուստով և կրել է շագանակագույն սպորտային կոշիկներ։

«Ինչ իր գտնում ենք, հարազատներից ճշտում ենք։ Ներկա պահին ոչ մի իր չի գտնվել»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նրա փոխանցմամբ՝ փրկարարները և ոստիկանության ծառայողները որոնումները իրականացնում են ինչպես Մարմարիկ գյուղում և հարակից տարածքներում, այնպես էլ՝ Մարմարիկ գետի երկայնքով՝ մոտ 15 կիլոմետր հատվածով, ինչպես նաև Աղբյուրակի ջրամբարի տարածքում,

Սեդրակյանն ասել է, որ որոնողական գործողություններին մասնակցում են նաև ջրասուզակներ, մոտորանավակներ, ինչպես նաև կամավորականներ։

«Աղբյուրակի ջրամբարում են կենտրոնացված որոնողական աշխատանքները, քանի որ գետը լցվում և հանդարտվում է, բայց նաև բնակավայրերում են որոնողական աշխատանքներ տարվում»,–ասել է նա։

Նա հավելել է, որ եթե արմատի, ծառի կամ այլ խոչընդոտի չբախվեր, ապա այս 12 օրում արդեն պետք է Աղբյուրակի ջրամբարում լիներ, հայտնում է «Փաստինֆոն»։

Սեդրակյանը ներկայացրել է որոշ մանրամասներ՝ ընդգծելով, որ մայիսի 4-ին՝ ժամը 11։45-ին, ստացվել է ահազանգ այն մասին, որ Մարմարիկում կորել է երկու տարեկան երեխա, և կա հավանականություն, որ նա ընկել է գետը՝ հաշվի առնելով, որ տունը գտնվում է ջրային հոսքին շատ մոտ։

«Մենք այդ ժամից սկսած իրականացնում ենք որոնողական աշխատանքներ թե՛ Մարմարիկ բնակավայրում, թե՛ Մարմարիկ բնակավայրի հարակից տարածքներում, թե՛ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։ Ավելի ինտենսիվ ձևով որոնողական աշխատանքները շարունակվում են, ներգրավված են նաև հարակից մարզերից՝ Գեղարքունիքից, Արմավիրից, Արարատից, Արագածոտնից։ Մինչ այս պահը ներգրավված է եղել մոտ 796 փրկարար ծառայողներ, մոտ 450 ոստիկանության ծառայողներ, բնակիչներ, կամավորներ։ Ինտենսիվ աշխատանքները շարունակվում են, բայց ներկա պահին արդյունք չունենք»,- ասել է Սեդրակյանը։

Սեդրակյանն ընդգծել է, որ բոլոր հնարավոր տարբերակները ուսումնասիրվում են, և որևէ մեկը բացառված չէ։

Սեդրակյանը հավելել է, որ նմանատիպ իրավիճակներ նախկինում ևս արձանագրվել են, երբ օրեր շարունակ որոնումներից հետո երեխային հայտնաբերել են նույն վայրում, և ըստ նախկին փորձի՝ հնարավոր է, որ 12-13-րդ օրերին մարմինը հայտնվի ջրի մակերեսին։ Այդ պատճառով որոնումները նույն հատվածում շարունակվում են։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---