ՄԻՊ–ը՝ ԱԺ–ում քաշքշուկի մասին. Սա բոլորիս ամոթն է

ՄԻՊ–ը՝ ԱԺ–ում քաշքշուկի մասին. Սա բոլորիս ամոթն է

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած քաշքշուկին, լրագրողների հետ զրույցում ցավալի է համարել այն, որ խորհրդարանում կարող են նման միջադեպեր տեղի ունենալ։

«Սա բոլորիս ամոթն է»,- ասել է նա, հայտնում է «Առավոտը»։

Լրագրողների հարցին՝ հավասարապես դատապարտում է և′ իշխանության, և′ ընդդիմության պատգամավորների՞ն, Անահիտ Մանասյանը պատասխանել է, որ դատապարտում է ընդհանրապես այս տեսակի վարքագիծը։

«Ես դատապարտում եմ ընդհանրապես այս տեսակի վարքագիծն ԱԺ-ում թե′ քաղաքական մեծամասնության, թե′ քաղաքական ընդդիմության կողմից։ Կարևոր եմ համարում օր առաջ էթիկայի մշտական հանձնաժողովի ձևավորումն ԱԺ-ում։ Դա հնարավորություն կտա բազմաթիվ խնդիրների լուծում գտնել։ Դա իրավասու մարմին կլինի նման դեպքերով քննություն իրականացնել։ Հիմա որևէ մարմին իրավասու չէ վարքագծի, էթիկայի կանոնների պատասխանատվության մասով։ Չենք կարող քննություն իրականացնել, վերջնական եզրակացություն տալ։ Օր առաջ կարևոր եմ համարում նման մարմնի ձևավորումը»,–ասել է նա։

Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք նա դատապարտո՞ւմ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պատգամավորին հասցեագրված վիրավորական խոսքերը։

«Այս հարցերով մենք չենք իրավասու մարմինը։ Եթե ԱԺ-ում նման միջադեպեր են տեղի ունենում, ինձ համար՝ որպես ՄԻՊ, դա անթույլատրելի, անընդունելի է։ ՀՀ-ում կա պետական պաշտոն զբաղեցնող մարդկանց էթիկայի և վարքագծի հարցերով զբաղվող իրավասու մարմին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Այդ մարմինն էլ իրավասու է այս հարցերին պատասխան տալ։ Ես իրավասու մարմին չեմ, որ կոնկրետ պատգամավորների ու պաշտոնատար անձանց էթիկայի և վարքագծի կանոնների խախտումների հետ կապված մեկնաբանություններ անեմ»,–ասել է նա։

Լրագրողները փորձել են պարզել՝ արդյոք նա կաշկանդվածություն ունի է իր արտահայտություններում։

«Բնականաբար, չունեմ։ Չի եղել մի դեպք, երբ ես ճնշումների ենթարկվեմ, հանդիմանանքի արժանանամ։ Գրեթե բոլոր առաջարկները, որ ներկայացնում եմ, այն տեսակետները, որ արտահայտում եմ, հիմնականում տարբերվում են բոլոր գործընկերների տեսակետներից»,–ասել է նա։

Երբ նրան կրկին հարցրել են՝ արդյոք «համբալ» անվանելը մարդու իրավունքների խախտում չէ, նա հավելել է․ «Արդեն ես այդ հարցին պատասխանեցի։ Մնացյալը կարող ենք հետագայում շփվել»։

Լրագրողները նաև խնդրել են մեկնաբանել Մերձավանի դպրոցի միջադեպը, որի վերաբերյալ Մանասյանը հայտնել է․ «Այստեղ ոչ թե որևէ մեկին թիրախավորելու խնդիր ունենք, այլ այս բոլոր երևույթները վերացնելու խնդիր։ Միանշանակ սա անթույլատրելի է։ Սա մի դեպք է, որը հանրային հնչեղություն ստացավ, բայց մենք պարտադիր դիմում-բողոքներ ենք ստանում նաև այլ դեպքերի հետ կապված, որոնք մեզ համար միանշանակ անթույլատրելի են։ Նաև մասնագիտական արժանապատվությունը պետք է հարգված լինի։ Մենք պետք է կարողանանք երեխաների լավագույն շահը նաև երաշխավորել այս բոլոր իրավիճակներում»։

Ազգային ժողովում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել։ Իրավիճակը լարվել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ելույթի ժամանակ, որն ամբիոնին է մոտեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից հետո։Իրավիճակը ԱԺ–ում լարվել է։ Լևոն Քոչարյանը հեռացել է նիստերի դահլիճից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---