Միրզոյանն ու Կալասը կարևորել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը

Միրզոյանն ու Կալասը կարևորել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հանդիպմանը կարծիքներ է փոխանակել միջազգային և տարածաշրջանային գործընթացների շուրջ։

Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի համատեքստում առանձնահատուկ շեշտադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման կարևոր դերը։

Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության զարգացման վերաբերյալ ձևավորված պատկերացումները և երկարաժամկետ հեռանկարները, ինչպես նաև անդրադարձ են կատարել համագործակցության խորացմանն ուղղված համատեղ ծրագրերին։

Միրզոյանը նշել է, որ ժողովրդավարության և խաղաղության հիմնարար արժեքներն ընկած են ՀՀ-ԵՄ համագործակցության հիմքում, և համատեղ ջանքերի շնորհիվ արդեն արձանագրվել են տեսանելի արդյունքներ։ Երկու պաշտոնյաներն անդրադարձել են սպասվող բարձր մակարդակի շփումներին ու դրանց շրջանակում քննարկվելիք հիմնական թեմաներին։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

 Ուշագրավ
---