Փաշինյանը տեխնոլոգիական ներդրման համար պետական մրցանակը հանձնել է Հագիվարային

Փաշինյանը տեխնոլոգիական ներդրման համար պետական մրցանակը հանձնել է Հագիվարային

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակն է հանձնել ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի՝ LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային։

Մրցանակի հանձնման արարողությունն անցկացվել է 15-րդ անգամ։ Միջոցառմանը ներկա են եղել , նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր։

Վարչապետն ընդգծել է, որ այս պարգևը կարևոր է պետության համար, քանի որ այն արտահայտում է Հայաստանի հարգանքը՝ նրանց նկատմամբ, ովքեր մեծապես ազդել են ժամանակակից իրականության ձևավորման վրա։

«Եվ սա նաև ինչ-որ առումով գլոբալ այդ պրոցեսներին մեր մասնակցության մի ձևաչափ է, որը մենք շատ ենք կարևոր համարում։ Իհարկե, նաև նման մասշտաբի գործիչների այցելությունը Հայաստան, նրանց շփումները մեր ուսանողների, գործարար համայնքի, տեխնոլոգիական ոլորտի հետ, կարծում եմ, կարևոր և լրացուցիչ խթան են մեր երկրում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար: Այս մրցանակաբաշխությունը նաև մեզ օգնում է ստուգել, համոզվել տեխնոլոգիական, կրթության ոլորտներում մեր ռազմավարական պատկերացումների ճշգրտության մեջ: Սա նույնպես կարևոր հանգամանք է, որ ուզում եմ ընդգծել»,- հավելել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև շեշտել է, որ բոլոր դափնեկիրների հետ զրույցներում ի հայտ է եկել հետաքրքիր օրինաչափություն՝ նրանք մշտապես հիշում են դպրոցը որպես իրենց հաջողությունների հիմք։

«Եվ այն, որ մեր բոլոր հյուրերը անպայման մի փոքր դրվագ հիշում են իրենց դպրոցից այսպիսի հաջողությունների հասնելուց հետո, ևս մեկ անգամ ընդգծում է, թե ինչքան կարևոր է ընդհանրապես կրթական ենթակառուցվածքների գոյությունը երկրում, որը մեր Կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է: Եվ մենք կրթության՝ նախադպրոցական կրթության, հանրակրթության, բարձրագույն կրթության, հետբուհական կրթության ոլորտում, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում շատ լուրջ ծրագրեր ենք իրականացնում»,–ասել է Փաշինյանը։

Յոշիակի Դեյմոն Հագիվարան շնորհակալություն է հայտնել իր գիտական գործունեության բարձր գնահատականի և Հայաստանի պետական պարգևի համար։ Նա իր խոսքում կարևորել է տեխնոլոգիական ոլորտի զարգացումն ու կրթական ծրագրերի հետևողական իրականացումը։

Վարչապետի հետ առանձին հանդիպման ժամանակ Հագիվարան շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և նշել, որ տպավորված է հայ երիտասարդների հետ հանդիպմամբ: Յոշիակի Դեյմոն Հագիվարան հավելել է, որ այսօրվա հանդիպումը ցույց է տվել, որ երիտասարդները մեծ հետաքրքրվածություն ունեն բարձր տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ և զարգացման հեռանկարներով:

1992 թվականին Հագիվարան եղել է JEDEC հիշողության ստանդարտացման կոմիտեի անդամ և հանդիսացել է Միջազգային ստանդարտների կոմիտեի (IEC) TC47 տեխնիկական հանձնաժողովի նախագահ։ Նա նաև եղել է IEEE EDS-ի հովանու ներքո անցկացվող ICMTS և IEEE SSCS-ի հովանու ներքո կազմակերպվող ISSCC գիտաժողովների միջազգային ծրագրային և գործառնական կոմիտեների անդամ։ Հագիվարան շարունակաբար ծառայել է որպես ISSCC Ասիական կոմիտեի նախագահ և ISSCC-ի միջազգային տեխնիկական ծրագրերի ղեկավար։

Նա հրավիրյալ պրոֆեսոր է եղել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, Ճապոնիայի Գունմա համալսարանում, ինչպես նաև լիաժամ պրոֆեսոր՝ Կյուշու կղզու Սոջո համալսարանում։ Այժմ նա հատուկ նշանակված պրոֆեսոր է Սոջո համալսարանի նախագահի գրասենյակում։

2008 թվականին հիմնել է AIPLAB կոնսորցիումը, և մինչ օրս ղեկավարում է LOCOMTEC AIPS լաբորատորիան՝ զբաղվելով արհեստական բանականությամբ կառավարվող մաքուր էներգիայի և կայուն զարգացման նպատակներին ուղղված ռոբոտային համակարգերի նախագծմամբ։ Նա նաև եղել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության կրթական հանձնաժողովի նախագահ և մինչ օրս ակտիվ անդամ է միությունում։

Հագիվարան Caltech-ի պատվավոր շրջանավարտ է, AAIA անդամ, ինչպես նաև IEEE մի շարք խորհրդերի՝ ներառյալ գերհաղորդականության, նանոտեխնոլոգիայի, սենսորների և համակարգերի խորհրդի անդամ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---