Ղազարյանը Ռուբինյանի դեմ հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ իրեն չընդունելու մասով

Ղազարյանը Ռուբինյանի դեմ հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ իրեն չընդունելու մասով

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով հանդես եկած «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կողմից իրեն չընդունելու հանգամանքով գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել՝ խտրականության հատկանիշներով վարույթ սկսելու պահանջով։

«Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ ինձ չհանդիպելու հետևանքով ես հաջորդ օրը գլխավոր դատախազություն հաղորդում եմ ներկայացրել»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Ավելի վաղ Ազգային ժողովում հայտարարված քաղաքացիների ընդունելության շրջանակում Էդգար Ղազարյանը հերթագրվել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպման համար։ Որոշ ժամանակ սպասելուց հետո ԱԺ աշխատակիցը տեղեկացրել է, որ այդ պահին ընթանում է քաղաքացիների ընդունելությունը, սակայն Է. Ղազարյանին չեն ընդունելու՝ «նպատակահարմար չեն գտնում ընդունել»։

Ղազարյանը նշել է, որ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածում սահմանված է խտրականության արգելքը, իսկ հոդվածի երկրորդ կետում արձանագրված են ծանրացուցիչ հանգամանքներ, երբ խտրական վերաբերմունքը դրսևորված է պետական պաշտոնատար անձի կողմից։

«Քրեական օրենսգրքի այդ հոդվածով հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին, որպեսզի նախաձեռնվի վարույթ, միջնորդություն ներկայացնի Ազգային ժողով՝ Ռուբինյանին անձեռնմխելիությունից զրկելու, նրան այդ գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար»,- ասել է Ղազարյանը։

 Ուշագրավ
---