18 դատապարտյալի ներման մերժումը հարցեր է առաջացրել իրավապաշտպանների մոտ![]() 15 մայիսի 2025 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Վահագն Խաչատուրյանը մերժել է 18 դատապարտյալի ներման խնդրանքը, որոնց քաղվածքներն արդեն հրապարակվել են արդարադատության նախարարության կայքում։ Համատարած մերժումը հարցեր է առաջացրել իրավապաշտպանների մոտ։ «Ինչո՞ւ է նախագահն ասում «ոչ»․ 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել է» թեմայով քննարկման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի համակարգող Անի Չատինյանն ասել է, որ անձը պետք է իմանա իր վերաբերյալ կայացրած որոշման իրավական փաստական հիմքերը, գրում է Panorama.am-ը։ «Սա վերաբերում է ոչ միայն մերժման դեպքերին, այլև այն պարագայում, երբ բավարարվում է հայցը, խնդրանքը, դիմումը»,–ասել է նա։ Անի Չատինյանը նշել է, որ ներման գործընթացում մեծ կարևորություն ունի տուժողի կարծիքը, ինչը, ըստ նրա, հենց այն փուլն է, որտեղ իրավապաշտպանները բախվել են լուրջ խոչընդոտի, քանի որ բազմաթիվ դեպքերում տուժողները մերժում են ներման հնարավորությունը։ «Բայց տուժողի կարծիքով չպետք է պայմանավորված լինի դատապարտյալի իրավունքի իրացումը։ Նույնիսկ ցմահ դատապարտված անձինք պետք է ունենան իրական հնարավորություն, վերադառնալու հասարակություն»,-ասել է նա։ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար Ժաննա Ալեքսանյանը նշել է, որ այս որոշումների կայացման հարցում մեծ դեր են խաղում ՔԿՀ-ների և պրոբացիոն ծառայության ներկայացրած բնութագրերը, որոնք նկարագրում են դատապարտյալների վարքը ազատազրկման ընթացքում։ «Ո՞ւր են այդ հիմքերը, թե ինչու են մերժվել։ Չկա՞ր այդ 18-ից գոնե մեկը, որին ՔԿՀ ղեկավարությունը նորմալ բնութագիր կտար, կամ Պրոբացիոն ծառայությունը։ Դատապարտյալներն իրենք ներսում ամեն բան անում են միավորներ հավաքելու համար, միջոցառումների են մասնակցում և այլն։ Սա համարում եմ քաղաքական որոշման արդյունք, սա ոչ մարդասիրական մոտեցում է»,-ասել է Ժաննա Ալեքսանյանը։ Նա նաև հիշեցրել է դեպք, երբ սպանության համար դատապարտվածի հանդեպ ներողամտություն են դրսևորել երեք տուժող, սակայն պետությունն այդուհանդերձ մերժել է ներման խնդրանքը։ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Նինա Կարապետյանցը վստահություն է հայտնել, որ նախագահի աշխատակազմում չեն խորամուխ եղել ներկայացված խնդրանքների բովանդակության մեջ և դրանց մերժման որոշումներն արվել են առանց անհրաժեշտ ուշադրության։ «Մինչդեռ մարդը պետք է հասկանա խաղի կանոնները, հասկանա, որտեղ է ինքը սխալվել, ինչ պետք է անի, որ կարգավիճակի փոփոխություն ունենան»,-ասել է Կարապետյանցը։ Նա համոզված է, որ նույնիսկ այն անձինք, ովքեր արդեն 20-25 տարի են անցկացրել բանտում՝ ցմահ դատապարտված լինելով, պետք է ստանան վերաինտեգրվելու հնարավորություն։ Այդ որոշումը, ըստ Կարապետյանցի, պետք է կայացնի պետությունը, և ոչ թե թողնի տուժողի հայեցողությանը։ «Դրա համար մենք ունենք պետություն, այլապես մենք մեր հարցերը կլուծեինք էլի։ Ոչ մի օղակ չի ուզում իր վրա վերցնել պատասխանատվությունը, դե դատախազությունը մնացել է հին սովետական մտածողության մեջ»,-ասել է նա։ Կարապետյանցը նշել է նաև, որ բազմաթիվ դատապարտյալներ իրենց պատիժը կրել են դեռևս 1990-ականներին, երբ արդարադատության համակարգը թերի է գործել, իսկ քրեական գործերի նյութերը երբեմն ընդհանրապես չեն պահպանվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |