Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Սիմոնյանը՝ Վարդան Ղուկասյանի խորհրդական

Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Սիմոնյանը՝ Վարդան Ղուկասյանի խորհրդական

PanARMENIAN.Net - Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանը նշանակվել է Գյումրու նորընտիր ղեկավար Վարդան Ղուկասյանի խորհրդական:

Նախքան մարզպետի պաշտոնում նշանակվելը նա զբաղեցնում էր Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալի պաշտոնը։

Հովսեփ Սիմոնյանը հայտնել է, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պաշտոնի առաջարկը փոխանցել է թե՛ Շիրակի մարզում ՀՅԴ կառույցին, թե՛ իրեն՝ դրանով հիմք դնելով փոխգործակցությանը, հայտնում է Aravot.am-ը։

Նա ընդունել է այդ առաջարկը՝ համոզված լինելով, որ, ինչպես ինքն է նշել, գիտակից յուրաքանչյուր քաղաքացի, առավել ևս մասնագետ, պարտավոր է օգտակար լինել թե՛ հայրենիքին, թե՛ սեփական քաղաքին։

«Մեզանից յուրաքանչյուրը ինչ հնարավորություն ունի, պիտի անի իր քաղաքի, երկրի, հայրենիքի համար և պիտի անի համախմբված՝ վերջ դնելով մեր երկրում տիրող անհանդուրժողականությանն ու ատելության մթնոլորտին։

Ազգովի վատ տեղ ենք գնում, պիտի միասնական լինել, համախմբվել՝ գալիք սերունդներին լավ պետություն, լավ քաղաք թողնելու համար, ոչ մեկը չի հիշելու՝ ով էր նախարարը, բայց կհիշեն՝ ով լավ գործ արեց, ով՝ վատը։

Բազմաթիվ խնդիրներ են ծառացել քաղաքի առաջ, ոչ մեկը չպիտի մտածի, թե պաշտոն ստանձնելով՝ գնում ես վայելելու, չկա նման բան, կա տանջանք, չարչարանք։ Օրենքի կետով պիտի աշխատենք, որ ճիշտ կառավարում իրականացնենք, որ մեր խնդիրների մեջ թաղված քաղաքին օգուտ տանք, որակյալ ծառայություններ մատուցենք։ Պաշտոնյան ժողովրդի ծառան է», -ասել է Սիմոնյանը։

Վարդան Ղուկյասյանը, որը 1999-2012 թվականներին ղեկավարել է Գյումրի քաղաքը, ապրիլի 16–ին կրկին ընտրվել է Գյումրիի քաղաքապետ։ Ընդդիմադիր ավագանու 18 անդամները միաձայն աջակցություն են հայտնել Ղուկասյանին՝ ընտրելով նրան Գյումրու նոր ղեկավար։ «Մայր Հայաստան», «Մեր քաղաքը» և «Իմ հզոր համայնք» խմբակցությունները որոշում են կայացրել իրենց կողմից թեկնածու չառաջադրել և հայտնել են, որ պատրաստվում են աջակցել ընդդիմադիր ճամբարում առավելագույն ձայներ ստացած ուժին` անհրաժեշտ համարելով իշխանությունից հեռացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։

 Ուշագրավ
---