ՀՀ–ն տարածաշրջանում 3-րդն է մարդկային ներուժի զարգացման ինդեքսով՝ Թուրքիայից և Վրաստանից հետո

ՀՀ–ն տարածաշրջանում 3-րդն է մարդկային ներուժի զարգացման ինդեքսով՝ Թուրքիայից և Վրաստանից հետո

PanARMENIAN.Net - «Լույս» հիմնադրամն իրականացրել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հրապարակված «Մարդկային ներուժի զարգացման զեկույց-2025»-ի ուսումնասիրություն։

«Մարդկային ներուժի զարգացման զեկույց-2025»-ում ներկայացված են մարդկային ներուժի զարգացման ինդեքսի 2023թ. տվյալները։ Դրանում նաև վերանայվել և թարմացվել են նախորդ տարիների վերաբերյալ անցյալ տարվա զեկույցում հրապարակված տվյալները:

Համաձայն զեկույցի՝ 2023 թվականի արդյունքներով Հայաստանի մարդկային ներուժի զարգացման ինդեքսը կազմել է 0.811 միավոր։ Այդ ցուցանիշով Հայաստանը հայտնվել է աշխարհի 193 երկրների շարքում 69-րդ տեղում և ընդգրկվել է «մարդկային ներուժի շատ բարձր զարգացմամբ» երկրների խմբում։ Հայաստանի միավորը 0.103-ով զիջում է այդ խմբի միջին ցուցանիշին, ինչպես նաև զգալիորեն հետ է մնում բոլոր երեք ենթաինդեքսների միջին արժեքներից։ Բացի այդ, քանի որ Հայաստանի միավորը ընդամենը 0.011-ով է գերազանցում տվյալ խմբի նվազագույն շեմը, իսկ 74 երկրների թվում ՀՀ-ից ցածր արդյունք ունեն միայն չորսը, հիմնադրամը փաստում է, որ երկիրը գտնվում է «վտանգավոր գոտում»։

«Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» Հայաստանը տարածաշրջանի 5 երկրների թվում 3-րդն է՝ Թուրքիայից և Վրաստանից հետո:

2022 թվականի հետ համեմատությամբ՝ Հայաստանի ինդեքսում արձանագրվել է աճ, որը պայմանավորված է հիմնականում կենսամակարդակի ենթաինդեքսի բարձրացմամբ՝ մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամտի 31.4% աճի հաշվին։ Այս դինամիկան հիմնականում բացատրվում է դրամի արժևորմամբ։ Այնուամենայնիվ, այս ցուցանիշը դեռևս ցածր է համաշխարհային միջին մակարդակից, իսկ ՀՀ-ն շարունակում է մնալ բարձր զարգացման երկրների խմբում՝ շնորհիվ ինդեքսի ոչ տնտեսական բաղադրիչների։

ՀՀ-ում սոցիալական անհավասարությունը 8.4% բացասական ազդեցություն է թողել ընդհանուր ինդեքսի վրա։ Այս կորուստը համեմատաբար փոքր է, քանի որ առողջապահության և կրթության ծառայությունները Հայաստանում համեմատաբար մատչելի են, ինչը որոշ չափով մեղմել է սոցիալական անհավասարության ազդեցությունը։

«Գենդերային զարգացման» և «գենդերային անհավասարության» ինդեքսներով Հայաստանը տարածաշրջանում լավագույն դիրքում է՝ պայմանավորված կանանց քաղաքական մասնակցությամբ և նրանց կրթական մակարդակով։

«Մոլորակային կայունության հաշվառմամբ՝ մարդկային ներուժի զարգացման ինդեքսում» Հայաստանը զիջում է միայն Վրաստանին։

Այնուամենայնիվ, «գենդերային անհավասարության» և «անհավասարության հաշվառմամբ՝ մարդկային ներուժի զարգացման» ինդեքսներով Հայաստանը զգալիորեն հետ է մնում «շատ բարձր զարգացմամբ» երկրների միջին ցուցանիշներից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---