FIP. 105 մանկապարտեզը շահագործման չի հանձնվել, թեև ժամկետն անցել է, ընկերությունը սերտ կապեր ունի ՔՊ հետ

FIP. 105 մանկապարտեզը շահագործման չի հանձնվել, թեև ժամկետն անցել է, ընկերությունը սերտ կապեր ունի ՔՊ հետ

PanARMENIAN.Net - Երևանի թիվ 105 մանկապարտեզում հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ են, թեպետ անցել է սահմանված ժամկետը։ Իսկ մանկապարտեզը մինչ օրս չի հանձնվել շահագործման, հայտնում է «Փաստերի ստուգման հարթակը» (FIP):

Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը և նրան ուղեկցող՝ Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն օրեր առաջ տեսանյութ էին հրապարակել, որտեղ երևում էր, ինչպես են այս մանկապարտեզի բակում առանց որևէ գործիքի, ձեռքով քանդում ասֆալտապատված հատվածից կտորներ, պոկում եզրաքարեր՝ այդպիսով ցույց տալով, որ համայնքային գումարներով մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները որակով չեն արվել։

Այս մանկապարտեզի նորոգման շուրջ աղմուկի հետքերով «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման վերաբերյալ փաստաթղթերը։

Հիմնանորոգման աշխատանքների մրցույթը հայտարարված է եղել դեռևս 2023 թվականի սկզբին։ Մրցույթին մասնակցել են «Լիմպեզա», «Կիր-Քար», «Լիլանարմ» և «Կառույց արտադրական կոոպերատիվ» ընկերությունները։ Հաղթող է ճանաչվել «Լիլանարմ» ՍՊԸ-ն՝ 247.8 մլն դրամ առաջարկած գնով։

Պետական ռեգիստրի տվյալներով՝ «Լիլանարմ» ՍՊԸ-ի տնօրենն է Նարեկ Պողոյանը, ով սկսել է ղեկավարել ընկերությունը 2023 թվականի հունիսից։ Նա 2023 թ․ սեպտեմբերի Երևանի ավագանու ընտրություններին առաջադրվել է ՔՊ ցուցակով, իսկ ԿԸՀ-ին ներկայացված փաստաթղթերից պարզ է դարձել, որ անդամագրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Հետևաբար, ընկերությունը որոշակի կապ ունի իշխող կուսակցության և քաղաքային կառույցների հետ։ FIP.am-ը քաղաքապետարանին հարցում է ուղարկել՝ ճշտելու հնարավոր առնչությունները, սակայն պատասխան այդպես էլ չի ստացել։ Մինչդեռ ընկերությունը տարածած հայտարարության մեջ ընդգծել է. «․․․որևէ քաղաքական ուժի չի հարել և չի հարում, իսկ ընկերության աշխատակիցների քաղաքական հայացքները կամ մոտեցումները ընկերության տնտեսական գործունեության համար նշանակություն չունեն»։

Քաղաքապետարանը FIP.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ մանկապարտեզի վերանորոգման համար «Լիլանարմ» ՍՊԸ-ի հետ 2023 թվականի ապրիլին կնքված պայմանագիրը կազմում է 297.4 մլն դրամ, իսկ դրա տևողությունը՝ 550 օր։

2023 թվականի հունիսին կնքված լրացուցիչ համաձայնագրից հետո քաղաքապետարանը հուլիսից մինչև դեկտեմբեր իրականացրել է վճարումներ, փոխանցելով 222 մլն դրամ։ Այսպիսով, քաղաքապետարանի տվյալներով, կատարված աշխատանքների դիմաց վճարվել է պայմանագրով սահմանված գումարի մոտ 75 տոկոսը։

Սակայն քաղաքապետարանը դժգոհություն է հայտնել մնացած 25 տոկոսի մասով՝ նշելով, որ կատարված աշխատանքներն ունեն որակի խնդիր։

«Պայմանագրով նախատեսված աշխատանքներն անհրաժեշտ որակով կատարված չլինելու պատճառով Երևանի քաղաքապետարանի կողմից չեն ընդունվել, ինչի արդյունքում «Լիլանարմի» հետ առկա է վեճ, որի լուծման և նախատեսված աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- փոխանցել են քաղաքապետարանից։

Ըստ քաղաքապետարանի ծրագրի՝ մանկապարտեզը շահագործման պետք է հանձնվեր 2024 թվականի երկրորդ եռամսյակում։ Սակայն ապրիլին ընկերության հետ կնքվել է նոր համաձայնագիր՝ հաջորդ փուլում կատարելիք աշխատանքների ու մնացած 75 մլն դրամի փոխանցման համար։ Փոխանցում, սակայն, տեղի չի ունեցել, քանի որ 2024 թ․ դեկտեմբերի 18-ին «Լիլանարմը» խնդրել է ևս 30 օրով երկարացնել ժամկետը։ Այսպիսով, ավարտը նախատեսված է եղել 2025 թվականի հունվարին, բայց այս պահի դրությամբ՝ չորս ամիս անց, մանկապարտեզը դեռ պատրաստ չէ։

Ըստ քաղաքապետարանի պատասխանների՝ «Լիլանարմ» ՍՊԸ-ն պայմանագրային խախտման համար տուգանքի չի ենթարկվել։

«Նոր Նորք վարչական շրջանի հ.105 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների համար վճարված 222,164,999 ՀՀ դրամի կատարողական ակտերը ներկայացված են եղել մինչ պայմանագրի ժամկետի ավարտը՝ հունվարի 22-ը, ուստիև «Լիլանարմ» ՍՊԸ-ն պայմանագրի շրջանակում որևէ տույժի չի ենթարկվել»,- նշել են քաղաքապետարանից։

Նրանք հավելել են, որ ընկերությունը կատարել է որոշակի աշխատանքներ, ներկայացրել է համապատասխան կատարողականներ, որոնց հիման վրա էլ իրականացվել են փոխանցումները։ Մնացած 75 մլն դրամի մասով կատարողական դեռևս ներկայացված չէ, և միայն այն ներկայացնելու դեպքում են նախատեսվում տուգանքներ։

Այնուամենայնիվ, քաղաքապետարանը նշել է, որ ընկերությանը սպասվում է տույժ․ «Տեղեկացնում ենք, որ նոր շինաշխատանքներ սկսելու պարագայում տուգանք կկիրառվի, քանի որ պայմանագրի ժամկետը բաց է թողնված»։

Պայմանագրում ամրագրված է՝ ժամկետի խախտման դեպքում կապալառու կազմակերպությունից գանձվում է տույժ՝ չկատարված աշխատանքի արժեքի 0.05 տոկոսի չափով։

Քաղաքապետարանից ընդգծում են՝ որքան ուշացնի ընկերությունը մանկապարտեզի հանձնումը, այնքան տույժ-տուգանքն ավելանալու է։ Ընդհուպ կարող է զրկվել բանկային երաշխիքից, որը շատ կարևոր պայման է պետական գնումներին մասնակցելու համար։ Երևանի քաղաքապետարանի և «Լիլանարմ» ընկերության միջև վեճը վերաբերում է շինարարական աշխատանքների որակին, ժամանակ է տրվել, որ ընկերությունը վերացնի բոլոր խախտումները։

«Լիլանարմ» ընկերությունը ոչ միայն խախտել է պայմանագրով նախատեսված՝ թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ժամկետները, այլ նաև շինաշխատանքներն իրականացրել է անորակ ու թերություններով լի, ինչի հետևանքով մանկապարտեզի շահագործման հանձնվելը կրկին կհետաձգվի:

Սրանով հանդերձ, ընկերությունը, որի ղեկավարը սերտ կապեր ունի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, դեռ չի ենթարկվել պատասխանատվության»,–ասվում է հրապարակման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---