Ռոբերտ Քոչարյան․ Չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժանապատիվ խաղաղություն բերել, այդպես չի լինում

Ռոբերտ Քոչարյան․ Չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժանապատիվ խաղաղություն բերել, այդպես չի լինում

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան չորս լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է, որ, իր համոզմամբ, ներկայիս ղեկավարությունը խաղաղություն հաստատելու կարողություն չունի։

«Չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժանապատիվ խաղաղություն բերել։ Սուբյեկտը, որը դրանով զբաղվում է, ունի այլ մոտիվացիա։ Ինքն ուզում է մի թուղթ՝ Նիկոլ Փաշինյանի մասին, և այն խաղաղության հետ առնչություն չունի»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նրա գնահատմամբ, ակնհայտ է, որ Փաշինյանը մի փաստաթուղթ է մուրում, չի բացառում, որ կլինի մի անբովանդակ փաստաթուղթ, որը հետապնդում է ներքաղաքական նպատակներ։

«Որևէ լուրջ բան մենք այս առումով չենք կարող ակնկալել։ Կա ձախողված առաջնորդ, որի նպատակն է ամեն գնով պահել աթոռը։ Եվ կան այս ամեն ինչի շուրջ խաղացողներ, որոնք կգնահատեն, իսկ արժե՞ նրան աջակցել այդ հարցում, թե՞ չարժե։ Ընդամենը սա է»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

Նա պատասխանել է նաև այն հարցին, թե, հարավո՞ր է գերիների վերադարձի հարցը խաղարկեն պայմանագրի կնքման գործընթացում։

«Չեմ կարծում, որ այս իշխանություններին հուզում է գերիների հարցը։ Գերեվարված են այն մարդիկ, որոնք այստեղ գալով կարող են Ղարաբաղի փախստականներին կազմակերպել իրենց հեղինակությամբ, ազդեցությամբ, իսկ դա այս իշխանություններին պետք չէ ընդհանրապես»,-ասել է նա։

Քոչարյանը հավելել է, որ խաղաղությունը ցանկալի է բոլորի համար, սակայն խնդիրն այն է, թե ով է իրականացնում գործընթացը։

«Նման առաջնային մոտիվացիա ունեցող մարդը չի կարող մտածել պետության մասին։ Չի կարող մտածել ընդհանրապես ազգային շահերի մասին։ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց կրկնում եմ, սուբյեկտը, որը դրանով զբաղվում է, ինչո՞վ է առաջնորդվում, ո՞րն է նրա մոտիվացիան։ Չե՞ք տեսնում, թե ինչ է ուզում այս մարդը։ Ուզում է մի թուղթ Նիկոլ Փաշինյանի մասին, և դա որևէ առնչություն չունի խաղաղության հետ։ Ալբանիայի այն կադրերը, որ տեսանք, որոնք շրջանառվում են, ուղղակի խայտառակություն են, արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք է, կուչ եկած, ոնց որ ենթական շեֆի առջև կամ ծառան տիրոջ առջև հարաբերություններ են ձևավորվել այստեղ։ Բոդի լենգվիջը (body language) շատ լավ է բացատրում, թե այդ մարդն ինչ վիճակում է գտնվում։ Այդ մարդն իրեն ադեն դասել է որպես ենթակա, որպես մի մարդ, որ ամբողջությամբ կախված է այդ երկու մարդկանցից, նրա ամբողջ մարմինն է խոսում այն մասին, որ այդ մարդուց որևէ օգտակար բան երկրի համար չի լինելու։ Հոգեբաններից հարցրեք, ի՞նչ ասեմ»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։

 Ուշագրավ
---