Դիմիտրիու․ Խաղաղության հաստատումը կարևոր է ԵՄ-ին ՀՀ անդամակցության հեռանկարի տեսանկյունից

Դիմիտրիու․ Խաղաղության հաստատումը կարևոր է ԵՄ-ին ՀՀ անդամակցության հեռանկարի տեսանկյունից

PanARMENIAN.Net - Կիպրոսը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին և ընդգծում դրա կարևորությունը ոչ միայն տարածաշրջանի կայունության, այլև Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարի տեսանկյունից։ Այդ մասին Երևանում հայտարարել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն։

«Մենք հուսով ենք, որ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կկնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեզ տեղեկացրեց այդ ուղղությամբ արվող ջանքերի մասին։ Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցել դիվանագիտական շրջանակներում իրականացվող բոլոր փորձերին։ Ի վերջո, խաղաղության պայմանագիրը պետք է ոչ միայն ստորագրվի, այլև լիարժեք կյանքի կոչվի», – ասել է Դիմիտրիուն, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ կայունությունը և խաղաղությունը նպաստելու են Հայաստանի զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանն ու եվրոպական հեռանկարի ամրապնդմանը։

«Դա կօգնի նաև Հայաստանի Հանրապետության անդամակցությանը ԵՄ-ին, ինչպես նաև մնացած երկրների հետ ավելի սերտ հարաբերությունների կառուցմանը։ Երբ կա խաղաղություն, յուրաքանչյուր երկիր ծաղկում է, զարգանում է»,- ասել է նա։

Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը հիշեցրել է, որ իր երկրում ևս խաղաղության խնդիրն առկա է արդեն կես դար։

«Կիպրոսը արդեն 50 տարի է՝ կիսված է։ Մենք գիտենք՝ ինչ է նշանակում ապրել երկարատև հակամարտության պայմաններում։ Այդ փորձառությունն էլ է պատճառը, որ Կիպրոսն աջակցում է հայ ժողովրդին՝ խաղաղություն հաստատելու ջանքերում»,- եզրափակել է Կիպրոսի խորհրդարանի նախագահը։

Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։

 Ուշագրավ
---