Սիմոնյանը` Լևոն Քոչարյանի մասին․ Իր անձնական ամենամեծ ձեռքբերումը հայտնի երգչուհու ամուսին լինելն է

Սիմոնյանը` Լևոն Քոչարյանի մասին․ Իր անձնական ամենամեծ ձեռքբերումը հայտնի երգչուհու ամուսին լինելն է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի վարքագիծն անպայմանորեն քաղաքական հետևանքներ է ունենալու։

«Այն, ինչ իրեն թույլ է տվել պարոն Քոչարյանի փոքր տղան, պետք է քաղաքական հետևանք ունենա ու ունենալու է, թող որևէ մեկը չկասկածի», - լրագրողների հետ զրույցում ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Սիմոնյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի այն հայտարարության մասին հիշեցմանը, թե պատրաստ է իրեն հեռացնել ԱԺ նախագահությունից՝ ավելացնելով, որ դա «շատ ցավոտ է լինելու», ասել է, որ նրա «անձնական ամենամեծ ձեռքբերումը հայտնի երգչուհու ամուսին լինելն է»։

«Պետք է հասկանանք, թե ով է նա, բացի հայտնի երգչուհու ամուսին լինելն ու մարդասպան, չընտրված երկրի ղեկավարի տղա լինելը՝ ինքը ո՞վ է, ուզում եմ հասկանալ»

Ո՞վ է նա, նա ոչ մեկ է, իր անձնական ամենամեծ ձեռքբերումը հայտնի երգչուհու ամուսին լինելն է։ Երբ ինքը գիտակցի, թե ինքը ով է, նոր կկարողանա հոխորտալ»,- նշել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահն ընդգծել է, որ երբեմն սուր ելույթներ է ունենում, սակայն երբեք չի հատում սահմանը, որը չի կարելի անցնել։

«Եթե ես այդ գիծն անցնեմ, ես եմ ավելի վատ իրավիճակում հայտնվում։ Ինքն անփորձ ջահել է, հենց ես երկրում չէի, նոր եկավ, ելույթ ունեցավ, բայց էլի գալու է չէ՞ դահլիճ»,- ասել է նա։

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը վիճաբանել են նիստերի դահլիճում, ինչից հետո միջադեպ է սկսվել իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև, քաշքշուկ է տեղի ունեցել։

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատասխանելով այն հարցին, թե խմբակցությունում քննարկվե՞լ է արդյոք ԱԺ նիստերի դահլիճում Լևոն Քոչարյանի պահվածքի վերաբերյալ հարցը, ասել է, որ ՔՊ-ական պատգամավորները թիրախավորել են Լևոն Քոչարյանին և ամեն առիթ օգտագործում են նրա անունն անհարկի նշելու, մեղադրելու։ Նա հավելել է, որ զայրույթից բռնկված է ասել Լևոն Քոչարյանն այդ խոսքը և որ մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել:

 Ուշագրավ
---