ԶԼՄ․ ՀՀ–ն և Թուրքիան համատեղ ֆիլմ կնկարահանեն Արա Գյուլերի մասին

ԶԼՄ․ ՀՀ–ն և Թուրքիան համատեղ ֆիլմ կնկարահանեն Արա Գյուլերի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Թուրքիան պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին համատեղ ֆիլմ կնկարահանեն: Այդ մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ «Բարև» վերնագրով կենսագրական ֆիլմն առանձնանում է որպես երկու երկրների միջև շարունակվող դիվանագիտական ​​լարվածությունը հաղթահարելու առաջին համատեղ կինոնախագիծ։ Ասվում է, որ Կաննի կինոփառատոնի շրջանակում Marché du Film-ում ստորագրված համաձայնագիրը հզոր ուղերձ է այն մասին, որ մշակութային համագործակցությունը կարող է գերազանցել սահմաններն արվեստի միջոցով։

Ֆիլմի ռեժիսորներն են Էլա Ալյամաչը և Արեն Պերդեչին, որոնք նախկինում ուշադրություն են գրավել 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Կորուսյալ թռչուններ» (2016) ֆիլմով, գրում է Factor.am-ը։

Համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը ստորագրել են թուրքական «Kara Kedi Film» ընկերության ներկայացուցիչ Ալյամաչը և հայկական «Anso Films» ընկերության պրոդյուսեր Անի Գալստյանը։

Ռեժիսորները նշել են, որ ֆիլմի սցենարը համահեղինակել են Արա Գյուլերի հետ, որը մահացել է 2018 թվականին։

Նախագծին աջակցություն են ցուցաբերել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը, Կինեմատոգրաֆիայի գլխավոր վարչությունը, ինչպես նաև պետական TRT հեռուստաընկերության 12 Punto հարթակը։

Ֆիլմի ստեղծման աշխատանքներում ներգրավված են նաև Doğuş խմբին պատկանող Արա Գյուլերի արխիվային և հետազոտական կենտրոնը և Արա Գյուլերի թանգարանը։

Ռեժիսորները տեղեկացրել են, որ նկարահանումների ընթացքում կօգտագործվեն Արա Գյուլերի անձնական տեսախցիկների օբյեկտիվները, որոնք հատուկ կվերամշակվեն Panavision ընկերության կողմից։

Ներկայումս դերասանական կազմի և նկարահանումների ժամկետների վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---