Միրզոյանն ու Դիմիտրիուն միջազգային հարթակներում փոխաջակցության հարցեր են քննարկել

Միրզոյանն ու Դիմիտրիուն միջազգային հարթակներում փոխաջակցության հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Անիտա Դիմիտրիուն Երևանում տեղի ունեցած հանդիպմանը ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվ ընթացքն ու գործընկերային կապերի ընդլայնման միտումները։

Միրզոյանն ու Դիմիտրիուն քննարկել են նաև միջազգային կառույցներում փոխաջակցության կարևորությունը։ Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման ուղղությամբ հայ-կիպրական փոխգործակցությունը։ Միրզոյանը կարևորել է այդ գործընթացում գործիքակազմի արդյունավետ կիրառումն ու անդամ պետությունների աջակցությունը։

Երևանում և Նիկոսիայում մշտական դեսպանությունների հիմնումը, ըստ կողմերի, հիմք է դարձել համագործակցությունը խորացնելու և նոր՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ ընդգրկելու համար։

Նրանք առանձնացրել են հատկապես տնտեսության, զբոսաշրջության և կրթության բնագավառները՝ շեշտելով դրանց զարգացման զգալի հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները։ ՀՀ արտաքին գործերի նախարարը վերահաստատել է, որ Հայաստանը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակել է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման օրակարգին։ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ ընդգծելով խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը։

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն հայտարարել է, որ Կիպրոսը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին և ընդգծում դրա կարևորությունը ոչ միայն տարածաշրջանի կայունության, այլև Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարի տեսանկյունից։

 Ուշագրավ
---