ՀԿ նախագահ․ Չկալովկայում բրուցելյոզի բռնկում է

ՀԿ նախագահ․ Չկալովկայում բրուցելյոզի բռնկում է

PanARMENIAN.Net - «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ահազանգել է, որ Սևանի Չկալովկա գյուղում արձանագրվել է բրուցելյոզի բռնկում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա բռնկումն անվանել է «երկրում անասնաբուժության վախճանի» հետևանք և հորդորել է չօգտագործել հում կաթ կամ չպաստերիզացված կաթնամթերք:

«Բրուցելլյոզը (հայտնի է նաև որպես Բրուցելլյոզ կամ Մալթայի տենդ) վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է Brucella տեսակի բակտերիաներով։ Այն փոխանցվում է մարդկանց հիմնականում վարակված կենդանիներից կամ նրանց արտադրանքներից (կաթ, միս), ինչպես նաև ուղիղ շփման միջոցով՝ վարակված կենդանու հետ։

Սա դասական դեպքն է, երբ երկրում անասնաբուժության վախճանի արդյունքում, որին միացել է առողջապահության վախճանը, տուժվում են բնակիչները, այս դեպքում մի ամբուղջ գյուղ։ Եվ դեռ հայտնի չէ, միսը և կաթնամթերքը որտեղ և ինչ քանակությամբ է վաճառվել և քանի մարդ է հիվանդացել։ Երբ խոսում էի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի անգործությունից և անտրամաբանական օպտիմալացումներից, կանխատեսում էի նմանատիպ դեպքերը․․․․․

Մնում է միայն բնակիչներին խորհուրդ տալ․

1․Չօգտագործել հում կաթ կամ չպաստերիզացված կաթնամթերք,

2․Կրել պաշտպանիչ հագուստ կենդանիների հետ աշխատելիս,

3․ Եթե ունեք բարձր ջերմություն (տենդ, հաճախ ալիքաձև՝ բարձրանում է, ապա ընկնում), քրտնարտադրություն (հատկապես գիշերային),հոգնածություն և թուլություն, հոդացավեր և մկանացավեր, գլխացավեր,քաշի կորուստ, ապա շտապ դիմել բժշկական օգնության»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---