ՔՊ-ի ևս մեկ պատգամավոր հրաժարվել է հանդիպել Էդգար Ղազարյանին

ՔՊ-ի ևս մեկ պատգամավոր հրաժարվել է հանդիպել Էդգար Ղազարյանին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ընթացքում «Արթուն ենք» շարժման նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը այցելել է խորհրդարան՝ նպատակ ունենալով հանդիպել պատգամավորներին և քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։

ԱԺ ընդունարանում նրան տեղեկացրել են, որ ՔՊ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Կարապետյանը նույնպես նպատակահարմար չի համարել ընդունել իրեն, հայտնում է Panorama.am-ը։

«Մենք իրենց տալիս ենք այն քաղաքացիների ցուցակը, ովքեր հերթագրվում են ընդունելության։ Այլ քաղաքացիների ընդունելություն կա։ Ձեզ նպատակահարմար չեն գտնում ընդունելու»,- ասել է ԱԺ քաղաքացիների ընդունելության և դիմումների բաժնի պետը։

Ղազարյանը հայտարարել է, որ հաջորդ օրը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է փոխանցելու նաև Դավիթ Կարապետյանի վերաբերյալ։

«Այս մի քանի օրերից արդեն պարզ է, որ ոնց որ թե միասնական որոշում է կայացված ՔՊ խմբակցության կողմից, որպեսզի խուսափեն այդ հանդիպումներից։ Հակասնում եմ՝ որն է խուսափելու պատճառը. իրենք վախենում են խոսքից ու պատճառներից։ Հանդիպման նպատակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, դրա հիմնավորումները, կառավարության ծրագիրը։ Քանի որ իրենք դրան որևէ հակափաստարկ չունեն, ըստ էության, այդ ձևով խուսափում են, բայց խուսափելն անհետևանք չի մնում»,- լրագրողներին ասել է Ղազարյանը։

Նրա փոխանցմամբ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն օրեր առաջ նույնպես հրաժարվել է ընդունել միայն իրեն։

«Այս հանդիպումից հետո դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնելու խտրականության ենթադրյալ հանցագործության հատկանիշներով։ Անհետևանք չի մնում իրենց վարքագիծը։ Իրավական գնահատական է ստանալու»,- նշել է Ղազարյանը։

Էդգար Ղազարյանն արդեն գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել ԱԺ փոխնախագահներ և ՔՊ խմբակցության անդամներ Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի դեմ, որոնք նույնպես մերժել են իր ընդունելությունը։

 Ուշագրավ
---