ԵԽ պատգամավոր. ՀՀ–ն խաղաղության ուղղությամբ բավական քայլեր արել է, պետք են քայլեր նաև Ադրբեջանի կողմից

ԵԽ պատգամավոր. ՀՀ–ն խաղաղության ուղղությամբ բավական քայլեր արել է, պետք են քայլեր նաև Ադրբեջանի կողմից

PanARMENIAN.Net - Գերմանիայից ընտրված Եվրախորհրդարանի պատգամավոր և Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին կարծիք է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության հասնելուն և հույս է հայտնել, որ նույն ճանապարհով կգնա նաև Ադրբեջանը, և կոնֆլիկտը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։Նա այդ մասին ասել է Արմենպրեսին տված հարցազրույցում։

«ՀՀ իշխանություններն արդեն բավականին քայլեր են կատարել, հիմա անհրաժեշտ են քայլեր նաև մյուս կողմից»,–ասել է նա։

Պատգամավորը նշել է, որ տեղյակ է պատմության ընթացքում գոյություն ունեցած վիրավորվածության մասին երկու կողմերից։

«Անցած տասնամյակների ընթացքում երբեմն Հայաստանը՝ իր դաշնակիցների կամ նախկին դաշնակիցների հետ, առավելություն է ունեցել այս հակամարտությունում։ Բայց այս կառավարության ձեռնարկած նախաձեռնությունները հասնում են այն սահմաններին, որից այն կողմ ժողովրդավարությունը հազվադեպ է պատրաստ առաջ գնալ՝ հանուն խաղաղության։ Մենք պետք է սա գնահատենք և աջակցենք այս գործընթացին։ Հուսով ենք՝ նաև մեր ադրբեջանցի գործընկերները քայլեր կձեռնարկեն, որպեսզի այս հակամարտությունը հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։ Ես իսկապես մեծ հույս ունեմ, որ երկու կողմերն էլ կմոտիվացվեն այդ ուղղությամբ։ Վարչապետ Փաշինյանի և նրա թիմի կողմից ընդունված որոշումները չափազանց խիզախ ու հեռանկարային են։ Նրանք գիտակցել են, որ խաղաղություն հնարավոր է միայն ցավոտ, բայց անհրաժեշտ քայլերի միջոցով։ Նրանք արդեն բավականին քայլեր են կատարել, հիմա անհրաժեշտ են քայլեր նաև մյուս կողմից»,–ասել է Լագոդինսկին։

Նա նաև պատասխանել է, որ այն հարցին, թե ինչպիսի՞ դեր կարող է ստանձնել Եվրամիությունը Հայաստան-Թուրքիա երկխոսության խթանման հարցում։

«Ես միշտ ասել եմ, և իմ հանձնաժողովի գործընկերները նույնպես ասում են, որ մենք պետք է խրախուսենք այս գործընթացը, քանի որ Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորումը կազդի ոչ միայն ներկա ռազմավարական իրավիճակի վրա, այլ նաև կդիպչի երկու երկրների միջև եղած շատ ցավոտ ու տրավմատիկ պատմությանը։ Ես կարծում եմ, որ հնարավոր է նոր ընդհանուր հենք գտնել ներկայիս իրավիճակում։ Իմ թուրք գործընկերների հետ ունեցած զրույցներից գիտեմ, որ նրանք հետաքրքրված են այս ճանապարհով առաջ շարժվելու հարցում։

Հուսով եմ, որ մեր գործընկերները Բաքվում նույնպես դրական ազդակներ կտան Անկարային, որովհետև սա բոլորի և հատկապես Եվրամիության շահերից է բխում, եթե ի վերջո բացվի Հայաստանի սահմանը և դառնա հասանելի։ Սա ռազմավարական ուղղություն է։ Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ նույնպես հեշտ չեն։ Անկարայում իմ գործընկերները գիտեն, որ ես միշտ բաց եմ արտահայտվել այնտեղ առկա ժողովրդավարության պակասի վերաբերյալ։

Ներկայում Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի գլխավորած ընդդիմադիր կուսակցությունը ենթակա է հսկայական ավտորիտար ճնշման՝ ինչպես երբևէ չի եղել, միաժամանակ ընթանում է հարաբերական կարգավորման գործընթաց քրդական հարցի շուրջ։ Այս հարցը Թուրքիայում շատ խորը վերք ու տրավմա է։ Ես դրան նայում եմ դրական տեսանկյունից և կարծում եմ՝ հիմա կարող ենք ունենալ հնարավորություն՝ կարգավորելու հարաբերությունները կամ առնվազն բացելու սահմանը Հայաստանի և Թուրքիայի միջև։ Դա անհրաժեշտ է աշխարհաքաղաքական տեսանկյունից և կուժեղացնի Եվրամիության և Հայաստանի հարաբերությունները»,–ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

 Ուշագրավ
---