Կաթողիկոսը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է հայ գերիների վերադարձը![]() 22 մայիսի 2025 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրամիության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների դեսպաններին, որոնք մասնակցել են տարածաշրջանային սեմինարին։ Հանդիպման մեկնարկին ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրել է պատվիրակության անդամներին՝ միևնույն ժամանակ համառոտ տեղեկատվություն փոխանցելով տեղի ունեցող հավաքի մասին։ Կաթողիկոսն իր ելույթում մտահոգություն է հայտնել հայ ազգի առջև ծառացած անվտանգության սպառնալիքների կապակցությամբ՝ ընդգծելով Արցախի բռնազավթումը, տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը։ Նա անդրադարձ է կատարել նաև Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստերին՝ ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է լուրջ միջազգային ներգրավվածություն։ Վեհափառ Հայրապետը կոչ է արել Եվրոպական միության անդամ պետություններին և կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել՝ հակազդելու Ադրբեջանում իրականացվող հայատյաց քաղաքականությանը։ Վեհափառը նշել է, որ այցը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կարևոր հնարավորություն է ծանոթանալու Հայոց եկեղեցու դերին հայ ժողովրդի կյանքում։ Նա իր խոսքում ընդգծել է, որ ԵՄ դեսպանները՝ թե՛ իրենց երկրներում, թե՛ աշխատավայրերում, անկասկած շփվել են հայկական համայնքների հետ, ճանաչել հայ մշակույթն ու հավատքի արժեքները։ Վեհափառը հավելել է, որ սեմինարի անցկացումը Հայաստանում պիտի խթանի ավելի խոր ընկալում՝ երկրի և նրա դարավոր ժառանգության վերաբերյալ, ինչպես նաև զգայունություն ստեղծի այն բարդ իրավիճակի նկատմամբ, որում այսօր գտնվում է ժողովուրդը։ Հանդիպման ավարտին դեսպան Մարագոսը երախտագիտություն է հայտնել Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար և կարևորել է ԵՄ-ի ու Հայ Առաքելական Եկեղեցու միջև հաստատված երկխոսությունն ու համագործակցությունը՝ ի նպաստ արդար և երկարատև խաղաղության հաստատման։ 2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |