22 մայիսի 2025 - 13:11 AMT
Զինծառայության առավելագույն տարիքը կդառնա 32 տարեկանը. ՊՆ–ի առաջարկը՝ 1 ամիս ծառայելու համար վճարել 24 մլն դրամ

Կառավարությունը հաստատել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած գումարի դիմաց կրճատ զինծառայության մասին նախագիծը, որոշ փոփոխություններով։

Պատգամավորն առաջարկում էր սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 միլիոն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով, նաև առաջարկում էրպարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։

ՊՆ-ն քննարկել է Սարգսյանի նախաձեռնությունն ու մի քանի փոփոխություններ արել, հայտնում է Aysor.am-ը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է․ «Ձևակերպվել են հետևյալ առաջարկությունները՝ կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 միլիոն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ»:

Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։

«Մինչև 18 տարին և զորակոչային տարիքը լրացած քաղաքացիություն ստացած և այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ մեկ տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար օրենքով սահմանված 24 ամսյա զինվորական ծառայությունը փոխարինել 12 ամսյա ժամկետով ծառայության։ Իսկ այդ ժամկետով ծառայության չզորակոչելու դիմաց նախատեսել 2.5 մլն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն»,-հայտնել է պաշտպանության նախարարը, գրում է Panorama.am-ը։

Նոր նախագծով առաջարկվում է նաև մինչև 16 տարեկանը ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 մլն դրամ։

Ըստ նախարարի՝ նախաձեռնության նպատակը զինված ուժերի համալրումն է։

Նախարարը վստահեցրել է նաև, որ մեկ ամսով ծառայած երիտասարդներն ի վիճակի են լինելու սովորել զենքի կիրառումը և ընդգրկվել պահեստազորում։

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ որդիներին զինվորական ծառայությունից ազատելու մղումը արտագաղթի ամենահիմնավոր ու խորքային պատճառներից մեկն է հանդիսացել երկար տարիներ, հայտնում է Radar.am-ը։

«Սա վերջին 1-2 տարվա բան չէ, 30 տարվա պատմություն է, բոլորս էլ գիտենք, որ զարտուղի ճանապարհներով ևս արտագաղթը մի միջոց է, և կան նաև այլ զարտուղի ճանապարհներ՝ նույն խնդիրը լուծելու առանց արտագաղթի – հիվանդություններով, կրթությամբ և այլն։ Սա մի խնդիր է, որի մասին տարիներ շարունակ խոսվել է, դիտարկվել են նաև այս տեսակ լուծումները, բայց երբեք լուծման չենք գնացել»,- նշել է Միրզոյանն՝ ընդգծելով, որ պետք է համարձակ լինել ու գնալ լուծման։

Յուրաքանչյուր զորակոչից առաջ կառավարությունը պիտի սահմանի թվաքանակը, թե ինչ թվով երիտասարդներ կարող են օգտվել այս հնարավորությունից:

«Բնականաբար, եթե չունենանք նման հնարավորություն՝ Կառավարությունն այդ զորակոչին նման որոշում չի ընդունի: Այսինքն՝ մեր այս առաջարկությամբ բոլոր հնարավոր ռիսկերն ու շրջանառվող մտահոգություններն ամբողջությամբ փարատվում են և կառավարելի են Պաշտպանության նախարարության կողմից»,-ասել է Պապիկյանը։

Օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո։