Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծին

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծին

PanARMENIAN.Net - Կառավարությունը մայիսի 22–ի նիստում ընդունված չզեկուցվող հարցերի փաթեթում բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջարկած ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների օրինագծին, որով առաջարկվում էր քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։

Գարծադիրը մերժման հիմնավորման մեջ գրել է, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է, հայտնում է Panorama.am-ը։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ «Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցին ընդառաջ շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանության ուրացման դեպքում քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ»։

Նախագծով առաջարկվում էր օրենսդրորեն սահմանել պատասխանատվության հետևյալ ձևերը՝ նվազագույն աշխատավարձի 100-300-պատիկի չափով տուգանք, 150-250 ժամ տևողությամբ հանրային աշխատանք կամ ազատության սահմանափակում՝ մեկ ամսից մինչև չորս տարի ժամկետով։

Ավելի վաղ Փաշինյանը Շվեյցարիաում հայ համայնքի հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, ասել էր, որ պետք է հասկանանք, թե «ինչ է եղել և ինչու»։ Ավելի ուշ, ասուլիսում նա հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության փաստն անքննելի է և անժխտելի։ Նա նաև հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը ՀՀ քրեական հանցագործություն է։

 Ուշագրավ
---