Նախարար․ Կենսաչափական անձնագրերի գույնն ու դիզայնը կփոխվի![]() 22 մայիսի 2025 - 14:28 AMT PanARMENIAN.Net - 2026 թվականի երկրորդ կիսամյակից հանրապետությունում կիրականացվի կենսաչափական նոր համակարգի ներդրում, որի արդյունքում քաղաքացիներին կտրվեն նոր ձևաչափի անձնագրեր և նույնականացման քարտեր։ Նախատեսվում է փոխել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի դիզայնն ու գույնը՝ համապատասխանեցնելով անվտանգության բարձր չափանիշներին: Այդ մասին հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, հայտնում է Արմենպրեսը։ «Այս պահին մասնավոր գործընկերոջ հետ ակտիվ քննարկում ենք դիզայնի և դրա կոնցեպտի հետ կապված հարցերը: Դրա հետ կապված որոշակի էլեմենտներ ենք դիտարկում, որոնք ավելի բնորոշ կլինեն Հայաստանի Հանրապետությանը: Այս փաստաթուղթը պետք է նաև մեր քաղաքացիների համար շատ խորհրդանշական փաստաթուղթ լինի, և, հետևաբար, ցանկացած դետալ պետք է շատ խնամքով ընտրված լինի: Առաջիկայում, երբ դիզայնի հետ կապված բոլոր լուծումները կհաստատենք, արդեն մասնավոր գործընկերը կանցնի մնացյալ գործընթացներին»,- ասել է Սարգսյանը։ Նախարարի խոսքերով՝ փոփոխություններ կլինեն ոչ միայն դիզայնի և գույնի, այլև անվտանգության բաղադրիչների ուղղությամբ։ Այս պահին այդ հարցերը քննարկման փուլում են։ Թե ինչ գույն կունենան նոր կենսաչափական անձնագրերը, դեռ հստակ որոշված չէ, սակայն նախարարն ընդգծել է, որ կան որոշ գույներ, օրինակ՝ սևը, որոնք անվտանգության տեսանկյունից անբարենպաստ են։ Հատուկ մրցույթի արդյունքում ընտրված մասնավոր գործընկերոջ հետ արդեն կնքվել է պայմանագիր, որով անձնագրային ծառայությունների տրամադրումը հանձնվում է մասնավոր կազմակերպությանը։ Այդ ընկերությունն ամբողջ երկրի տարածքում կբացի 23 ստորաբաժանում։ «Ներկայում ունենք մոտ 45 տարածքային անձնագրային ստորաբաժանումներ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե 45-ը փակում ենք, ունենում ենք 23 ստորաբաժանում, և սա կարող է բարդացնել քաղաքացիների կյանքը: Բայց ճիշտ հակառակը՝ հնարավորինս այնպես ենք արել, որ քաղաքացու շփումն անձնագրային ծառայության հետ լինի մինիմալ: Այն տվյալները, որոնք հնարավոր է հավաքագրել էլեկտրոնային տարբերակով, կհավաքագրվեն այդպես: Միայն մեկ անգամ տարածքային անձնագրային ստորաբաժանում այցելելու կարիք կլինի»,- ասել է նախարարը։ Նախարարությունը մասնավոր գործընկերների հետ քննարկել է հնարավորինս նոր մեթոդներով ծառայությունների մատուցման տարբերակներ։ «Նախնական պլանավորում ենք, որ Երևանում երկու մեծ առևտրային կետերում՝ մոլերում, կունենանք այսպիսի ծառայություններ, որը նաև մշակութային որոշակի փոփոխություններ կբերի այս առումով: Կարծում եմ՝ նաև հաշվի առնելով տվյալ առևտրային կենտրոնների մարդաշատությունը, կկարողանանք ավելի արագ և հասանելի դարձնել մեր ծառայությունները մեր քաղաքացիներին»,- ասել է Սարգսյանը։ Երևանում նախատեսվում է ստեղծել սպասարկման կենտրոն, որը կաշխատի մինչև ժամը 22:00, իսկ մարզային ստորաբաժանումները կգործեն առավոտյան 09:00-ից մինչև 18:00։ Բացի այդ, կգործեն նաև շրջիկ սպասարկման ծառայություններ։ Ըստ նախանշված ժամանակացույցի՝ կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը կմեկնարկի 2026 թվականի երկրորդ կիսամյակում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |