Երևանում կայացել է «Նեմեսիս»-ին նվիրված գրքի շնորհանդեսը![]() 23 մայիսի 2025 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել ավստրիացի լրագրող, իրավապաշտպան ու նախկին դիվանագետ Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարտի հեղինակած «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը։ Գրքում ներկայացված են հայերի ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու՝ նախորդ դարի 20-ական թվականներին իրականացված «Նեմեսիս» գործողության մանրամասները և հայ վրիժառուների ճակատագրերը, հայտնում է Արմենպրեսը։ Կոֆլեր-Բեթշարտը նշել է, որ ցանկանում է գերմանախոս հանրությանը, հատկապես՝ Շվեյցարիայում, Գերմանիայում և Ավստրիայում, ներկայացնել հայ ժողովրդի դեմ իրականացված ողբերգության իրական պատմությունը՝ բացառելու նմանատիպ հանցագործությունների կրկնությունը։ «Ներկայացրել եմ, թե ինչպես է ծագել «Նեմեսիս» գործողության գաղափարը, ինչից է սկսվել, ինչպես է այն լուսաբանվել տվյալ ժամանակաշրջանի թերթերում, այդ ընթացքում ինչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում: Սկզբում հիմնվել եմ մամուլի հրապարակումներին, նաև ծանոթացել եմ գործողությունն իրականացրած մարդկանց կենսագրություններին, ուսումնասիրել գիտական աշխատություններ: Ես գիտնական չեմ, լրագրող եմ, ուստի ավելի շատ լրագրողական մոտեցում եմ դրսևորել»,- ասել է նա։ Նա ընդգծել է, որ աշխատությունը գրված է պարզ լեզվով՝ հնարավորինս լայն լսարանի համար մատչելի դարձնելու նպատակով։ Հեղինակը հույս ունի, որ այսուհետ թեման կդառնա հանրային լայն քննարկման առարկա և կգրավի ավելի մեծ ուշադրություն ոչ միայն հայ, այլև միջազգային հանրության շրջանակներում։ «Ի սկզբանե գիրքը նախատեսված էր գերմանալեզու երկրների՝ Շվեյցարիայի, Գերմանիայի և Ավստրիայի բնակիչների համար: Հետազոտության ընթացքում զարմանքով պարզեցի, որ այդ երկրների բնակիչները շատ քիչ տեղեկություն ունեն Հայոց ցեղասպանության մասին, մի զգալի մասն էլ ունի թերի տեղեկություններ: «Այլևս երբեք»՝ սա այս թանգարանի կարգախոսներից է: Իմ նպատակն է ցույց տալ, թե ինչ է պատահում, երբ խոշորագույն հանցագործությունները՝ ցեղասպանությունները, մնում են անպատիժ: «Նեմեսիս»-ի պատմությունը մեզ բերում է երկրորդ գլխավոր կետին՝ բարոյական հարցի՝ ինչպե՞ս կարող է պատահել, որ մեկ մարդու սպանությունը հանցագործություն է, իսկ 1 մլն մարդունը՝ ոչ: Հուսով եմ՝ այս գրքի հրատարակմամբ կկարողանանք փոքրիկ ներդրում ունենալ «Այլևս երբեք» կարգախոսի հետագա իրականացմանը ու Հայաստանին ևս մեկ անգամ չենք թողնի միայնակ»,- նշել է նա։ Թանգարան-ինստիտուտի տնօրեն էդիտա Գզոյանը շեշտել է, որ դահլիճում նման բազմամարդություն առաջին անգամ է նկատվում։ Նա հիշեցրել է Սողոմոն Թեհլերյանի դատավարության միջազգային նշանակությունն ու դրա ազդեցությունը «ցեղասպանություն» եզրույթի ձևավորման վրա։ «Թալեաթից վրեժխնդիր եղած Սողոմոն Թեհլերյանի դատը միջազգային նշանակություն է ունեցել: «Ցեղասպանություն» եզրույթը մշակած Ռաֆայել Լեմկինը ուսանողության շրջանում հետևում էր Թեհլերյանի դատավարությանը: Այդ ժամանակվանից է սկսում մտածել այդ եզրույթի ստեղծման մասին, այնուհետև նաև պայքարում է Ցեղասպանությունների վերաբերյալ կոնվենցիայի ստեղծման համար: Ըստ մտահղացման՝ այն պետք է ունենա պատժիչ և կանխարգելիչ գործառույթներ: Կոնվենցիայի ստեղծումից ավելի քան 70 տարի է անցել, սակայն այդ գործառույթները չեն գործում, ինչի ականատեսը, ցավոք, եղանք նաև Արցախում»,- նշել է Գզոյանը։ Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը հայտնել է, որ այս գիրքը «Նեմեսիս» գործողությանը նվիրված հայերեն առաջին համապարփակ աշխատությունն է, իսկ հեղինակը՝ երկրորդ արտասահմանցի լրագրողը, ով անդրադարձել է թեմային։ «Գիրքը բավականին հետաքրքիր է ընթերցվում, որովհետև գրված է բավականին պարզ լեզվով: Ներկայացնում է մեր պատմության այն դրվագները, որոնք պարբերաբար փորձել են թիրախավորել, կեղծել ու օգտագործել մեր դեմ: Վերջին շրջանում նաև Ադրբեջանի կողմից, որը բավականին ակտիվ՝ պետական մակարդակով զբաղվում է պատմության կեղծարարությամբ՝ շահարկելով նաև «Նեմեսիս» գործողությունը: Ուստի, պետք է կարողանանք հնարավորինս արդյունավետ օգտագործել մեր ռեսուրսները, այդ թվում՝ օտարերկրյա հետազոտողների լսարանը, և պատմական ճշմարտությունը ներկայացնենք նաև օտարերկրացիների խոսքերով»,- ասել է Խանումյանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Արտաշես Գևորգյանի թոռը՝ Արմեն Գևորգյանը, ով պատմել է պապի մասնակցությամբ Ջեմալ փաշայի գնդակահարման պատմությունը, ընդգծելով դրա բարոյական իմաստը։ «Դա արդարադատություն էր, ազգային արժանապատվության վերականգնում, պատժի անխուսափելիություն: Հայ վրիժառուների ժառանգների մեր խմբի որոշմամբ՝ Երևանում «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանը բացվեց ապրիլի 25-ին: Դա խորհրդանշում է, որ ապրիլի 24-ին անխուսափելիորեն հաջորդում է ապրիլի 25-ը: 2008 թվականին Թուրքիայի նախագահի հետ Երևան էր ժամանել ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը: Նրա պապուն 1922 թվականի հուլիսի 21-ին Թիֆլիսում գնդակահարողներից մեկն էր իմ պապը: Նա և իր ընկեր Պետրոսը գնդակահարելուց առաջ Ջեմալին են դիմել «Հիշի՛ր Դեր Զորը» խոսքերով՝ հիշեցնելով հայ կնոջ բառերը, որը անապատում հանդիպելով Ջեմալին՝ հայտարարել էր, որ հայերն անպայման վրեժխնդիր են լինելու այս ամենի համար: Այդպես էլ եղավ: Երբ այդ պատմությունը ներկայացրեցի Հասան Ջեմալին, նա երկար ժամանակ լուռ մնաց»,- պատմեԼ է Արմեն Գևորգյանը։ Թանգարանի առաջատար գիտաշխատող Հայկ Մարտիրոսյանը իր ելույթում նշել է, որ չնայած հեղինակը հայ չէ, նա կարողացել է ազնիվ և հավասարակշռված կերպով ներկայացնել այս զգայուն թեման։ «Գերմաներեն բնագիրը լույս է տեսել անցյալ տարվա մարտին: Այս ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ շնորհանդեսներ և քննարկումներ: Կուզենայի, որ այս գիրքը թարգմանվեր նաև այլ լեզուներով: «Նեմեսիս»-ի պատմությունը վառ օրինակ է, թե ինչպես մի խումբ մարդիկ, ունենալով սահմանափակ հնարավորություններ, համառության, կամքի, հանդգնության և նպատակասլացության շնորհիվ հասան նպատակի իրագործմանը»,- եզրափակել է նա։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |