«Համբալ», «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես». Փաշինյանի վարքագծի մասով վարույթ կա![]() 23 մայիսի 2025 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Հանձնաժողովը մասնավորապես անդրադարձել է հետևյալ արտահայտություններին. «Համբալ», «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես», «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները»։ «Ես դիմումով պահանջել էի վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ: Երեկ Հանձնաժողովից ինձ տեղեկացրին, որ մայիսի 15-ին արդեն հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ թիվ 07/2025/Վ/Վ վարույթը՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Հարկ է նկատել, որ հանրային բարձր պատասխանատվություն կրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի՝ իր վարքագիծն ու խոսքը չեն կարող լինել անսահմանափակ։ Դրանք պետք է լինեն իրավունքի և բարոյականության շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում է ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը և խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը։ Այս վարքագիծը իշխանության շահարկում է՝ ընդդիմախոսներին նվաստացնելու և ժողովրդավարական դիսկուրսը ճնշելու համար։ Ոչ մի օրենք թույլ չի՛ տալիս պաշտոնյային, լինի նա նույնիսկ վարչապետ, դուրս գալ պատասխանատվության դաշտից՝ հղում անելով իր «նյարդերին» կամ «հույզերին»,–ասվում է գրառման մեջ։ Թովմասյանը հույս է հայտնել, որ սա իրավական նախադեպ է դառնալու և ԿԿՀ-ի վարույթը ձևական չի լինի, այլ որոշմամբ կփաստի, որ «պետության ներսում անգամ սահմանադրական ինստիտուտներն արձագանքում են իշխանական անթույլատրելի վարքի դրսևորմանը»: Մայիսի 7-ին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իրավիճակը լարվել է, երբ ընդդիմադիր մի քանի պատգամավորներ հարցրել են, թե ինչո՞ւ են անհետևանք մնում իշխանական տարբեր պաշտոնյաներին առնչվող և կոռուպցիոն կասկած պարունակող մամուլի հրապարակումները, ինչին ի պատասխան վարչապետը հայտարարել է, որ մամուլը դատական իշխանություն չէ, իսկ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, ապա «սաղիդ պտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»։ Վարչապետն ընդդիմադիրներին հորդորեց «վեր ընկնել տեղն» ու «չուտել իր ներվերը», Փաշինյանը նաև «համբալ» է անվանել նրանց։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |