ՏՏ ոլորտում էքսպատների թիվը մեկ տարում նվազել է 12%-ով, բայց կազմում է աշխատուժի 18%-ը

ՏՏ ոլորտում էքսպատների թիվը մեկ տարում նվազել է 12%-ով, բայց կազմում է աշխատուժի 18%-ը

PanARMENIAN.Net - 2024 թվականին Հայաստանում ՏՏ ոլորտում աշխատող արտասահմանցի մասնագետների թիվը 12 տոկոսով նվազել է։ Այդ տվյալները ներկայացված են Armenian Code Academy-ի կողմից պատրաստված «Armenian Tech Market Insights» տարեկան զեկույցում։

Էքսպատների գերակշիռ մասը՝ ավելի քան 90 տոկոսը, Ռուսաստանից են, իսկ մյուսները՝ Բելառուսից և Ուկրաինայից։ Մնացած երկրների մասնագետները կազմում են աննշան մասնաբաժին։

«Հակառակ տարածված պատկերացումների՝ Հայաստանի ՏՏ ոլորտում օտարերկրյա աշխատողների թիվը թեև կրճատվել է, բայց, միևնույն է, զգալի մաս է կազմում (ՏՏ մասնագետների ընդհանուր թվի մոտ 18%-ը)»,–նշել է հետազոտության համահեղինակ Նարեկ Ասլիկյանը, գրում է Sputnik Արմենիան։

Ըստ Armenian Code Academy-ի հաշվարկների՝ 2024 թվականին ՏՏ ոլորտում ներգրավված աշխատակիցների թիվը կազմել է մոտ 58,700, ինչը մոտ 2 տոկոսով ավելի է, քան նախորդ տարում։ Թվերը տարբերվում են պաշտոնական վիճակագրությունից, քանի որ հետազոտությունը ներառում է նաև ՏՏ ընկերություններում աշխատող այլ մասնագիտությունների ներկայացուցիչների, որոնք կազմում են ընդհանուր աշխատուժի մոտ 36 տոկոսը։ Պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը մոտ 40 հազար է։

Հայաստանում ՏՏ ոլորտում շարունակվում է կանանց ակտիվ ներգրավվածությունը. վերջին տվյալներով՝ կին մասնագետները կազմում են գրեթե 40 տոկոս, ինչը համաշխարհային մակարդակով բարձր ցուցանիշ է։ Համեմատության համար նշվում է, որ ԵՄ-ում այս ցուցանիշը 2023 թվականին կազմել է ընդամենը 19 տոկոսից մի փոքր ավելի։

ՏՏ ոլորտում գրանցված ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի ընդհանուր թիվը պաշտոնական տվյալներով մոտ 6 հազար է։ Սակայն Նարեկ Ասլիկյանի խոսքով՝ փաստացի ակտիվ գործունեություն է ծավալում 1253 ընկերություն։ Դրանցից մոտ 80 տոկոսը տեղական են, իսկ 20 տոկոսը՝ արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր։ Տեղականների շարքում են նաև այն կազմակերպությունները, որոնք հիմնվել են Հայաստանում, սակայն հետագայում գլխամասային գրասենյակները տեղափոխել են ԱՄՆ՝ ներդրումներ ներգրավելու նպատակով։

Նշված 1253 ընկերություններից 9-ը դասվում են շատ խոշորների շարքը՝ ունենալով 500 և ավելի աշխատակից, 16-ը՝ խոշոր են՝ 251-ից 500 աշխատակիցով։ Փոքր ընկերությունների թիվը, որոնք 10 և պակաս աշխատակից ունեն, գերազանցում է 650-ը։

Հետազոտությունը ցույց է տալիս նաև, որ ընկերությունների մոտ 35 տոկոսը սեփական արտադրանք է ստեղծում և չի կատարում արտաքին պատվերներ, մինչդեռ 2023-ին այդ ցուցանիշը 31 տոկոս էր։ Նման պատկերի ձևավորման վրա, ըստ Ասլիկյանի, ազդել են վերջին 10-15 տարում ոլորտում տեղի ունեցած զարգացումները և 2021–2022 թվականների ներդրումային ալիքը՝ մասնավորապես «SuperAnnotate», «Krisp» և այլ ընկերություններում։ Այս ընկերությունների մի մասը մշակել են ապրանքներ, որոնք ուղղակիորեն արձագանքել են COVID-19-ի հետևանքով առաջացած կարիքներին, օրինակ՝ ձայնի մաքրման լուծումներ և հեռավար աշխատանքի գործիքներ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---