ՀՀ 9 թանգարանի տնօրեններ կայցելեն ԱՄՆ

ՀՀ 9 թանգարանի տնօրեններ կայցելեն ԱՄՆ

PanARMENIAN.Net - ՀՀ 9 թանգարանի ղեկավարներ մայիսի 27-ից հունիսի 7-ը կմասնակցեն ԱՄՆ կառավարության «Մշակութային կազմակերպություններում կառավարման գերազանցության խթանումը» խորագրով Միջազգային այցելու ծրագրին։

Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել ԱՄՆ դեսպանության և Մշակույթի զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով, հայտնում է Panorama.am-ը։

Այցի ընթացքում ծրագրված են մի շարք այցեր ու հանդիպումներ Վաշինգտոնում (Կոլումբիա), Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա) և Թուլսայում (Օկլահոմա) գործող մշակութային հաստատություններում, թանգարաններում, ինչպես նաև պետական կառույցներում։ Ծրագրի գլխավոր նպատակը հայ մասնակիցների համար փորձի փոխանակման և երկկողմ ու բազմակողմ համագործակցային կապերի ստեղծման հնարավորության ընձեռումն է՝ ապագա ծրագրերի և նախագծերի զարգացման համար։

Հայաստանից կմեկնեն Հայաստանի ազգային պատկերասրահի, Սերգեյ Փարաջանովի թանգարանի, Ե․ Չարենցի տուն-թանգարանի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր և հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենները, ինչպես նաև Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության փոխտնօրենը։

Նախաձեռնող և ծրագրի համակարգող կառույցը հանդիսանում է Մշակույթի զարգացման հիմնադրամը։

«Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է Հայաստանի թանգարանների ղեկավարների համար՝ ծանոթանալու մշակութային կառավարման ժամանակակից մեթոդներին, ընդլայնելու համագործակցության շրջանակները և ներկայացնելու հայկական մշակութային ժառանգությունը միջազգային հարթակներում։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ նմանատիպ ծրագրերը լինեն արդյունավետ ու շարունակական»,-նշել է հիմնադրամի արտաքին կապերի ղեկավար Հայկ Մկրտչյանը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---