Փաստաբան․ ՍԴ որոշումը գրվել է մի քանի օրում, այնինչ 3-4 տարի տևել է մինչև որոշումը հրապարակվի![]() 23 մայիսի 2025 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Փաստաբան Հարություն Հարությունյանը «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ, անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը, ասել է, որ «ՍԴ-ի որոշումն ակնհայտորեն դատախազությունը փորձում է կիրառել ՍԴ որոշման պատճառաբանություններին և հատկապես եզրափակիչ հակասող մեկնաբանությամբ»։ Նրա դիտարկմամբ՝ քրեական ոլորտում, երբ պայքար է ծավալվում հանցավորության դեմ, անհրաժեշտ է, որ բռնագանձման ենթակա գույքի և համապատասխան հանցանքի միջև հաստատված լինի ուղիղ կապ, հայտնում է Aravօt.am-ը։ «Ոչ թե նշված է, որ հանցանքի հետ, այլ համապատասխան հանցանքի հետ։ Իսկ մենք որպես իրավաբաններ՝ համապատասխան հանցանք ասելով, պետք է հասկանանք այն ենթադրյալ հանցանքը, որի առնչությամբ քրեական հետապնդում է իրականացվում»,–նշել է փաստաբանը։ Նա ընդգծել է, որ իրավապահ մարմինների ներկայիս գործողություններն ու մեկնաբանությունները հակասում են ՍԴ որոշման եզրափակիչ հատվածին, ինչը կարող է դիտվել որպես նպատակային տրամաբանության շեղում։ «Իմ կարծիքով՝ քանի որ զեկուցող դատավորը պատրաստվում էր ուղևորվել Եվրոպական դատարան, նաև որոշակիորեն այնտեղից եղավ ազդակ այս հարցին լուծում տալ, հետո մեկնել, ինչով պայմանավորված վերջին պահին գերհապճեպ եղանակով նշանակվեց դատական նիստ, և անցան դատական ակտի հրապարակման։ Այս որոշումը գրվել է մի քանի օրում, այնինչ 3-4 տարի տևել է մինչև որոշումը հրապարակվի։ Սա աննախադեպ է, երբեք չեմ հիշում ՍԴ-ի կողմից նման բան»,–ասել է նա։ Նրա գնահատմամբ՝ այն գործերով, որոնք հիմնված են օպերատիվ հետախուզական միջոցներով ձեռք բերված տվյալների վրա, իրավասու մարմինները պետք է հրաժարվեն այն հատվածներից, որոնք վերաբերում են գույքի բռնագանձմանը մինչև պաշտոն ստանձնելու պահը։ «Բոլոր այն գործերով, որոնք հարուցվել են օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա, այդ մասով ակնհայտ է՝ իրավասու մարմինը պետք է հրաժարվի հայցի այն մասից, որը պարւնակում է գույքի բռնագանձման պահանջ մինչև այդ անձի պաշտոն ստանձնելու պահը»,–ասել է Հարությունյանը։ Թեև որոշ իրավաբանական կարծիքների համաձայն՝ կարևորը հանցանքի կատարման պահն է, Հարությունյանը հավելել է․ «Չեմ կիսում այդ կարծիքը։ Կարծում եմ՝ հանցանքի կատարման պահից սկսած առավելապես կարող է խոսք գնալ և այդ մասով հարուցված վարույթներով էական չէ, թե անձը երբ է ստանձնել պաշտոնը։ Բայց ունենք այն, ինչ ունենք»։ Նա հիշեցրել է, որ մինչ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը՝ 2020-2021 թվականներին որոշ գործերով դատական ակտեր ընդհանրապես չեն արձանագրվել։ «Փորձը ցույց տվեց՝ կախված բանկային շարժերի տեղեկություններից, որը իրավապահ մարմինը ձեռք է բերել ու որը բռնագանձման ենթակա ծավալից դուրս է՝ ըստ ՍԴ որոշման, ստացվում է, որ պետությունն անհարկի ռեսուրսներ վատնեց»,–նշել է փաստաբանը։ Նրա գնահատմամբ՝ եթե շարունակվի ՍԴ որոշման հակասահմանադրական մեկնաբանումը, ապա այդ մոտեցման արդյունքում պետությունը կրկին կհայտնվի անարդյունավետ ծախսերի ու իրավական պատասխանատվության առաջ։ «Այսօրվա դրությամբ, եթե շարունակեն նույն հակասահմանադրական մեկնաբանությամբ մոտենալ այս հարցին, վաղը մյուս օրը կրկին կառարեսվեն իրականությանը, որ նույնիսկ ՍԴ որոշման խեղաթյուրումը ինքնին պետության համար հետևանք է հանդիսանալու՝ այդ թվում կոնկրետ պաշտոնատար անձանց մասով, որոնք փաստարկները լսելով, այդ ամենը կարդալով՝ փորձելու են շեղել ազդելու միջոցը՝ հօգուտ որոշակի նպատակներն արդարացնելու համար»,–ասել է Հարությունյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |