Սահակյան․ Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված մեղադրանքները քաղաքական են

Սահակյան․ Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված մեղադրանքները քաղաքական են

PanARMENIAN.Net - Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, հանդես գալով նաև որպես Ռուբեն Վարդանյանի ընտանիքի ներկայացուցիչ և նրա միջազգային իրավաբանական թիմի անդամ, հայտարարել է, որ Վարդանյանի գործով ներկայացված մեղադրական նյութերի ուսումնասիրությունը, որը գերազանցում է 200 էջը, թույլ է տվել եզրակացնել՝ նրա դեմ առաջադրված մեղադրանքները չունեն իրավական հիմք և բխում են բացառապես քաղաքական շարժառիթներից՝ խախտելով ինչպես միջազգային իրավունքի նորմերը, այնպես էլ արդար դատաքննության հիմնական սկզբունքները։

Նրա խոսքով, փաստաթղթում առանձնանում են մի շարք առանցքային նկատառումներ:

Առաջինը, հիմնարար իրավական սկզբունքներին հակառակ, մեղադրանքի բովանդակությունը փաստացի ներկայացնում է Ռուբեն Վարդանյանի հայկական ինքնությունը որպես քրեական հետապնդման հիմք: Մեղադրական շարադրանքը ենթադրում է, որ նրա ազգային պատկանելությունը դիտարկվում է որպես գլխավոր ապացույց՝ մեղքը հիմնավորելու համար:

«Սա խաթարում է ժամանակակից արդարադատության համակարգի հենքը՝ nullum crimen sine lege («չկա հանցանք առանց օրենքի») սկզբունքը և անհատական քրեական պատասխանատվության պահանջը»,-նշել է նա։

«Երկրորդ, մեղադրական եզրակացությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ), որտեղ ապրում էր մոտ 150,000 հայ, որակում է որպես հանցավոր կազմակերպություն: Սա հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

Մեղադրանքում այս իրավունքը թյուր կերպով մեկնաբանվում է որպես ատելության հրահրում: Փաստաթուղթն այսպիսով հետադարձ կերպով քրեականացնում է քաղաքական միավորը, որը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում: Ավելին, Ռուբեն Վարդանյանը պատասխանատու է համարվում այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել նրա՝ ԼՂՀ ժամանելուց մինչև 30 տարի առաջ:

Երրորդ, Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ, որը հիմք է հանդիսացել 2023 թվականի սեպտեմբերի 27-ի նրա ձերբակալության համար: Այնուամենայնիվ, այդ ժամանակ Լաչինի միջանցքը գտնվում էր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Ավելին, Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնառել էր երաշխավորել միջանցքով տեղաշարժման ազատությունը:

ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը նույնպես հաստատել է այս իրավունքը. 2023 թվականի փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին այն հրապարակել է պարտադիր որոշումներ, որոնք հաստատում են Լաչինի միջանցքով երկկողմանի ուղղությամբ մարդկանց, մեքենաների և ապրանքների անարգել տեղաշարժման անհրաժեշտությունը: Նմանատիպ որոշումներ է կայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Այսպիսով, Ռուբեն Վարդանյանի ձերբակալության համար իրավական հիմքեր չկան: Միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մշտապես դիտարկվել է որպես վիճելի տարածք, մինչդեռ մեղադրական եզրակացությամբ միջազգային վեճի առարկան՝ տարածքի իրավական կարգավիճակը և կիրառելի սահմանային ռեժիմը, դիտարկվում է որպես հաստատված փաստ։

Այդպիսով, դատախազությունը թույլ է տալիս petitio principii տրամաբանական սխալը՝ որպես ապացույց օգտագործելով այն պնդումը, որն ինքն է պահանջում իրավական պարզաբանում:

Վերջապես, մեղադրական եզրակացությամբ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը համահիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները աշխարհի խոցելի բնակչությանն օգնելու համար, ներկայացվում է որպես ահաբեկչության ֆինանսավորմամբ զբաղվող կազմակերպություն: Այս մեղադրանքը բացահայտ անհիմն է՝ հաշվի առնելով, որ «Ավրորան» միջազգայնորեն ճանաչված է որպես հարգված մարդասիրական նախաձեռնություն, որն օգնություն է տրամադրում աշխարհում տարբեր ճգնաժամերից տուժած անձանց: Այս տրամաբանության համաձայն՝ փախստականներին և հակամարտություններից տուժած բնակչությանը մարդասիրական օգնությունը դիտարկվում է որպես հանցավոր գործունեություն:

Ամփոփելով՝ մեղադրական եզրակացությունը ոչ միայն քաղաքական դրդապատճառներ ունի, այլև խորապես աղավաղում է իրավական հիմնարար սկզբունքները և ստեղծում է վտանգավոր նախադեպ”,–ասվում է Սահակյանի հայտարարության մեջ։

Իրավապաշտպանը նշել է, որ Բաքվում ներկայումս անազատության մեջ պահվող յոթ հայեր արդեն դատապարտվել են երկարատև ազատազրկման՝ քաղաքական դրդապատճառներով և իրավաբանորեն չհիմնավորված մեղադրանքներով, ինչը արդարադատության և պատշաճ դատավարության միջազգայնորեն ճանաչված չափանիշների նկատմամբ ակնհայտ ոտնձգություն է, իսկ մնացած տասնվեցին ևս սպասվում է նույն ճակատագիրը:

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։

 Ուշագրավ
---