Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել մոտ 3 մլն դոլար կաշառք ստանալու համար

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել մոտ 3 մլն դոլար կաշառք ստանալու համար

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել մոտ 3 մլն դոլար կաշառք ստանալու գործով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ավարտին է հասցրել քրեական վարույթը, որի շրջանակում հիմնավորվել է, որ ՀՀ նախկին նախագահը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2008 թվականին գործարարից ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,985,000 դոլար կաշառք՝ աջակցելու համար գործարքին, որով ընկերության ամբողջ բաժնեմասը փոխանցվել է ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերության։

«Քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2008 թվականի փետրվարի 20-ին ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի շարք անձանց օժանդակությամբ վերը նշված գործարարից կանխիկ եղանակով ստացել է կաշառքի մասնաբաժինը՝ 2,660,000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած մասը ստացել է փոխկապակցված մի շարք անձանց օժանդակությամբ։

Հետաքննությամբ պարզվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած պաշտոնյայի հանձնարարությամբ կազմակերպվել է նաև կաշառքի մնացած գումարի փոխանցման գործընթացը։ Մասնավորապես, գործարարի կողմից 2008 թվականի ապրիլի 3-ին և 21-ին համապատասխանաբար 200,000 և 125,000 դոլար են փոխանցվել փոխկապակցված անձի բանկային հաշվին՝ փոխանցումների նպատակն արձանագրելով որպես «բարեգործություն»։ Այս գումարներն օգտագործվել են ՀՀ նախագահի երդմնակալության և դրան հաջորդող օրերին Երևանում կազմակերպված միջոցառումների՝ այդ թվում օդապարիկների վարձակալման և այլ ծախսերի համար։

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հիման վրա նախկին նախագահին ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Վարույթից նրա վերաբերյալ առանձնացված մասով նախաքննությունն ավարտվել է։

Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատման և դատարան ուղարկելու միջնորդությամբ», – ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության մեջ մեղադրվող ցանկացած անձ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով չի հաստատվել՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի։

 Ուշագրավ
---