Դատարանը կրկին անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացման դրույթը. Քաղաքապետարանը կրկին բողոքարկելու է![]() 24 մայիսի 2025 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին, Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Դատարանն արձանագրել է՝ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի համարել, հայտնում է «Հետքը»։ Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը 2025թ. հունվարի 23-ին դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Երևան քաղաքի ավագանու՝ Երևան քաղաքի ավագանու «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» 24.12.2024 թվականի թիվ 265-Ն որոշման Հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունների համապատասխանությունը՝ դրանք ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջի մասին: Ավագանու որոշման այս կետերով կարգավորվում են վճարովի ավտոկայանատեղիների, այլ կերպ ասած՝ «կարմիր գծերի» դրույքաչափերը։ Մինչև 2024թ. հունվարի 1-ը Երևանում ավտոկայանատեղիների համար սահմանված էր մեկ ընդհանուր գին: Սակայն, 2023թ. տարեվերջին ընդունված Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքը բաժանվեց երկու գոտու՝ «Ա» և «Բ»։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը նախկին 12 000 դրամի փոխարեն սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։ Շեշտակի թանկացան նաև 1 ժամվա, շաբաթվա, ամսվա կայանման վճարները: Օրինակ՝ նախկինում 1 ժամվա վճարի գումարը 100 դրամ էր, իսկ 2024թ. հունվարի 1-ից «Ա» գոտու համար սահմանվեց 300 դրամ, իսկ «Բ» գոտու համար՝ 200 դրամ: Ընդդիմադիր խմբակցության կարծիքով, վարչական մարմինը, բարձրացնելով տուրքերը որոշ փողոցներում, չի հիմնավորել, թե որն է այդ փոփոխության օրինական նպատակը։ Ավելին, չի սահմանվել օրենքով նախատեսված նպատակը, որն անհրաժեշտ է նման վճարի կիրառման համար։ Խմբակցության ավագանու անդամները մատնանշել են, որ եթե գների բարձրացումը միտված է միայն խցանումները նվազեցնելուն, ապա դա լիազորված նպատակ չէ՝ հաշվի առնելով, որ նման լիազորություններ ունեն միայն ՆԳՆ ենթակայությամբ գործող ճանապարհային ու պարեկային ոստիկանությունները։ «Որևէ կերպ չեն քննարկվել ավելի մեղմ կամ ավելի քիչ ծախս ու դրամական պարտավորություն առաջացնող միջոցներ, հակառակի վերաբերյալ ապացույցներ և հիմնավորումներ չեն ներկայացվել»,-վարչական դատարանին հայտնել է խմբակցությունը։ Դիմող կողմը նշել է, որ հնարավոր է կիրառվեր մի տարբերակ, երբ քաղաքացիները կարողանային վճարել տարեկան վճարը ամսական մասնաբաժիններով։ Սակայն այդ տարբերակը չի կիրառվել, որովհետև այդ դեպքում վճարը տարեկան կգերազանցեր սահմանված արժեքը 56 հազար դրամով, ինչը նույնպես դիտարկվել է որպես անհամաչափ և անարդյունավետ վարչարարություն։ «Մայր Հայաստան» խմբակցությունը որպես տնտեսական փաստարկ ներկայացրել է Վիճակագրական կոմիտեի տվյալները. 2021 թվականին տնային տնտեսությունների միջին ճշգրտված եկամուտը կազմել է 333 հազար դրամ, իսկ 2022-ին՝ 320 հազար դրամ։ Ամենաաղքատ բնակչության 10 տոկոսը 2021-ին ստանում էր մինչև 101 հազար դրամ, իսկ 2022-ին՝ 88 հազար դրամ։ 2025 թվականին կանխատեսվել է ավելի ցածր տնտեսական աճ և ավելի բարձր գործազրկություն՝ համեմատած նախորդ տարվա հետ։ Երևանի քաղաքապետարանը իր հերթին առարկություն է ներկայացրել դիմողի փաստարկների դեմ։ Նշվել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 13-ին Արդարադատության նախարարին է ուղարկվել գրություն՝ պետական-իրավական փորձաքննության ենթարկելու նպատակով ներկայացնելով մի շարք նախագծեր, այդ թվում՝ «Երևան համայնքում տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին»։ Քաղաքապետարանն արձանագրել է նաև, որ վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպմամբ և սպասարկմամբ զբաղվում է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն, որի տրամադրած տվյալներով, 2024 թվականին այդ նպատակով կատարվել է 447 միլիոն 125 հազար 700 դրամի ծախս՝ 3.237 ավտոկայանատեղիի համար։ Այս թվում՝ «Ա» գոտու վրա ծախսվել է 394 միլիոն 522 հազար 676 դրամ՝ 2.417 ավտոտեղերի համար, իսկ «Բ» գոտու վրա՝ 52 միլիոն 603 հազար 24 դրամ՝ 821 ավտոտեղերի համար։ Ըստ հաշվարկների՝ մեկ ավտոկայանատեղիի պահպանման տարեկան արժեքը «Ա» գոտու համար կազմել է 163 հազար 251 դրամ, «Բ» գոտու համար՝ 64 հազար 98 դրամ։ Վարչական դատարանը, հինգ դատավորի կազմով, արձանագրել է, որ վարչական մարմինը, իրականացնելով իր հայեցողական լիազորությունը, պարտավոր է ղեկավարվել Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների պաշտպանությամբ, համաչափության և կամայականության բացառման սկզբունքներով, և պետք է հետապնդի միայն օրենքով սահմանված նպատակներ։ Որոշումն արձանագրել է նաև, որ որևէ վարչարարություն պետք է ենթարկվի օրենքի պահանջներին թե՛ ըստ բովանդակության, թե՛ ըստ ձևի։ Դատարանը նշել է, որ վարչական մարմինը, սահմանելով փողոցներում կայանման փոխհատուցման վճարները, չի պահպանում համաչափության սկզբունքը՝ հաշվի առնելով, որ չի ներկայացվել այնպիսի հիմնավորում, որը ցույց կտար արդարացի հավասարակշռում իրականացված ծախսերի և կիրառված վճարի միջև։ Սակայն վարչական դատարանը մերժել է «Մայր Հայաստան» խմբակցության հայցը՝ վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի մայիսի 23-ի կայացրած որոշումը։ Այդ մասին հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի»,- գրել է նա։ Ավելի վաղ ավագանու նույն խմբակցությունը դատարան էր դիմել նաև 2024թ. դրույքաչափերը վիճարկելու պահանջով: 2024թ. դեկտեմբերի 19-ին, Վարչական դատարանը դարձյալ անվավեր էր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Դատարանն արձանագրել էր, որ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի համարել: Այդ ժամանակ նույնպես Վարչական դատարանը մերժել էր ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջը, որից հետո Երևանի քաղաքապետարանը բողոք է ներկայացրել և մինչ օրս վիճարկվում է վերադաս ատյանում: Փաստացի ստացվում է, որ Վարչական դատարանի որոշումներն ինքնանպատակ են և կյանքի չեն կոչվում, քանի որ Երևանի ավագանին յուրաքանչյուր տարվա համար է որոշում ավտոկայանատեղիների դրույքաչափերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |