Միրզոյան․ Հայաստանի տեսլականը պարզ է՝ կարգավորել հարաբերությունները մեր երկու հարևանների հետ

Միրզոյան․ Հայաստանի տեսլականը պարզ է՝ կարգավորել հարաբերությունները մեր երկու հարևանների հետ

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումի բացման խոսքում հայտարարել է, որ Հայաստանը հստակորեն ընտրել է առաջ շարժվելու ուղին՝ հաղթահարել առճակատումը և խթանել համագործակցությունը, ավելի լավ կապակցվածությունը և կայուն տնտեսական աճը, ավելացնել հարմարվողականությունը և նորարարությունը, ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը՝ կենտրոնանալով մարդկային կապիտալի զարգացման վրա:

Նա հավելել է, որ Հայաստանի տեսլականը պարզ է՝ կարգավորել հարաբերությունները մեր երկու հարևանների հետ:

«Մեր տարածաշրջանում մենք կայացնում ենք որոշիչ ընտրություն՝ կառուցելու ապագա, որը ձևավորված չէ անցյալի ցավերով, այլ լավատեսությամբ և հույսով լի տեսլականով՝ խարսխված իրական հնարավորությունների վրա:

Պատմությունը հայտնի է: Այն չի կարող մոռացվել: Այն չի կարելի վերաշարադրել, այդ թվում՝ կեղծ խոսույթի միջոցով, որը ոմանք կարող են փորձել առաջ տանել։ Թեև սպիերը մնում են, և ապաքինումը շարունակվում է, մենք պետք է առաջ շարժվենք դեպի ավելի լավ ապագա։

Այդուհանդերձ, մենք գիտենք, որ խաղաղությունը հեշտությամբ հասանելի նպատակ չէ։ Այն շարունակական գործընթաց է, որն առաջ է մղվում համարձակ դիվանագիտության, փոխընբռնման և վստահության կառուցման միջոցով։

Հայաստանի տեսլականը պարզ է՝ կարգավորել հարաբերությունները մեր երկու հարևանների հետ՝ միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության լիակատար հարգմամբ և փոխադարձ տարածքային պահանջների բացառմամբ, և խորացնել ավանդաբար բարեկամական հարաբերությունները մյուսների հետ»,–ասել է նա։

Նա հավելել է, որ Հայաստանը շարունակում է հաստատակամ մնալ իր գործընկերություններն ամրապնդելու գործում նաև տարածաշրջանից անդին։

«Մենք հաստատել ենք ամուր և ռազմավարական գործընկերություններ՝ Միացյալ Նահանգներից մինչև Եվրոպա և Ասիա։ Միևնույն ժամանակ, մենք ակտիվորեն խթանել ենք ընդլայնված, ավելի լայն փոխկապակցվածությունը՝ ճանաչելով մեր երկրի եզակի դիրքը քաղաքակրթությունների և առևտրի իրական խաչմերուկում։

Մենք նույնքան հանձնառու ենք նպաստելու ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու գլոբալ ջանքերին: Հայաստանի՝ Կենսաբազմազանության հարցերով համաժողովը՝ COP17-ը, Երևանում անցկացնելու հաջողված հայտը, ինչպես նաև վերջերս հայտարարված Եվրոպական քաղաքական համայնքի՝ 2026 թվականի գարնանը կայանալիք գագաթնաժողովը, արտացոլում են մեր պատասխանատվությունն ու ներգրավվածությունը միջազգային ասպարեզում»,–ասել է Միրզոյանը։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

 Ուշագրավ
---