Վարդան Մինասյանը և իր մարզչական շտաբը՝ Արտակ Օսեյանը, Արթուր Մկրտչյանն ու Դենիս Զմեուն, ավարտում են իրենց առաքելությունն «Արարատ-Արմենիա» ակումբում։
Լրագրողների հետ հանդիպմանը Մինասյանը հայտարարել է, որ որոշումն իրենն է, ինչն այդքան էլ կապ չունի ֆուտբոլի հետ, հայտնում է Aysor.am-ը։
«Ես գտնում եմ, բացի նրանից, ինչ մարզիչը պետք է ունենա, երկու կարևոր նախապայման կա՝ մոտիվացիա, էմոցիաներ։ Ես այս պահին դրանք չունեմ։ Հիմնականում խոսքը վերաբերում է ներքին առաջնությանը, չգիտեմ ինչքան կտևի՝ 6 ամիս, 1 տարի։ Կարող է դրսից աշխատանքի առաջարկ լինի, միանգամից ընդունեմ։
Իմ կարծիքը վերաբերում է ներքին առաջնությանը։ Դա ինչի՞ հետ է կապված՝ մեր երկրի հետ է սա կապված։ Ֆուտբոլի հետ կապ ունի, բայց այդքան էլ չունի, ինչքան երկրի, ինչ կատարվում է մեր երկրի հետ, ես չեմ կարող դրան անմասն մնալ։ Հոգեբանական պահ կա՝ ինչքան փորձում ես քո գործի վրա կենտրոնանալ, բայց չես կարող դրանից անմասն մնալ, քո երկրի մեջ ես ապրում, անհանգստանում ես, սիրում ես քո երկիրը, բայց այն, ինչ տեսնում ես, ինձ թույլ չի տալիս ավելի կենտրոնացած լինել իմ գործի վրա»,- նշել է Մինյասյանը։
Միևնույն ժամանակ, ակումբը շնորհակալություն է հայտնել Մինասյանին ու թիմին կատարած աշխատանքի համար։