ԱԽ քարտուղար․ Սահմանազատման գործընթացը կանգնած չէ, մեծ ջանքեր են գործադրվում

ԱԽ քարտուղար․ Սահմանազատման գործընթացը կանգնած չէ, մեծ ջանքեր են գործադրվում

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ սահմանազատման աշխատանքները կասեցված չեն։

«Փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբերը կապի մեջ են և շարունակում են աշխատել, որ առաջ ընթանանք։ Վերջին պայմանավորվածությունն այն է, որ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանակետից մի քիչ ներքև է շարունակվելու սահմանազատումը, և փորձելու են բանակցությունների միջոցով հասնել լուծումների, որ շարունակվի սահմանազատման գործընթացը։ Այդ ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրվում, որ առաջ ընթանանք»,- ասել է նա, հայտնում է Radar.am-ը։

ԱԽ քարտուղարը նաև ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով ընթացող խորհրդակցությունները դիվանագիտական ուղիներով շարունակվում են, հայտնում է Panorama.am-ը։

«Դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի»,-ասել է նա։

Անդրադառնալով Խոզնավարի հատվածում հնչած կրակոցներին՝ ԱԽ քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանն Արդբեջանին առաջարկել է սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել:

Նրա խոսքով՝ խաղաղության կառուցման գործընթացում առաջընթաց է ապահովվել՝ փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբերը շարունակում են աշխատել, որպեսզի սահմանազատման գործընթացի հետ կապված առաջ ընթանան:

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։

 Ուշագրավ
---