Պապոյան․ Լեհաստան-ՀՀ գործարար համաժողովը համագործակցության նոր էջ է բացում![]() 30 մայիսի 2025 - 18:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 30-ին ներկա է գտնվել Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովին, որը նախաձեռնել է Enterprise Armenia հիմնադրամը։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարը շեշտել է նման ֆորումների կարևորությունը՝ տնտեսվարողների միջև գործակցության ամրապնդման և նոր գործընկերությունների ձևավորման տեսակետից։ «Այս համաժողովը նոր էջ է բացում, ինչպես երկկողմ տնտեսական համագործակցության, այնպես էլ Հայաստանի և Լեհաստանի միջև շարունակաբար զարգացող հարաբերությունների պատմության մեջ։ Այդ հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, ընդհանուր շահերի և միասին ավելի լավ ապագա կերտելու խորացող հանձնառության վրա»,- նշել է Գևորգ Պապոյանը։ Նա նաև ընդգծել է Հայաստանի կողմից վերջին տարիներին արված կայուն քայլերը՝ ուղղված ներդրումային միջավայրի բարելավմանը, տնտեսական կառավարման համակարգերի արդիականացմանը և գլոբալ շուկաների հետ ինտեգրմանը։ Այս համատեքստում նախարարը ընդգծել է, որ համաժողովին Լեհաստանի բիզնեսների մասնակցությունը հիմնական ոլորտներում՝ արդյունաբերություն, էներգետիկա, տեխնոլոգիա, ենթակառուցվածքներ, շինարարություն և գյուղատնտեսություն, լիովին համապատասխանում է Հայաստանի ազգային զարգացման առաջնահերթություններին: «Սրանք այն ոլորտներն են, որտեղ մենք տեսնում ենք ներդրումների, նորարարության և փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ»,- հավելել է նա: Համաժողովի ընթացքում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որն արտացոլում է Հայաստանի հանձնառությունը՝ վերաբացել տրանսպորտային ուղիները և դիրքավորել Հայաստանը որպես հարևան շուկաներ տանող անվտանգ և արդյունավետ դարպաս: Հայաստանի և Լեհաստանի գործարարները քննարկել են համագործակցության հնարավորությունները՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում։ Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |