ԱՆ․ Վեյփի կանոնավոր օգտագործումը վնասում է թոքերին նույնքան, որքան ծխախոտը![]() 31 մայիսի 2025 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 31–ին աշխարհում նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը։ Այս տարվա կարգախոսն է՝ «Բացահայտենք քողարկված գրավչությունը»։ Առողջապահության նախարարությունը տարածած հաղորդագրությամբ ուշադրություն է հրավիրել վեյփինգի վտանգների վրա՝ հատկապես դեռահասների համար։ Նշվում է, որ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը (վեյփինգը) մեծ տարածում է գտել դեռահասների շրջանում, հատկապես քաղցր, մրգային համերի շնորհիվ, որոնք առաջին հայացքից անվնաս են թվում։ Այդ համերի հետևում, սակայն, լուրջ առողջական վտանգ է թաքնված։ Էլեկտրոնային հեղուկներում օգտագործվում են հազարավոր ծանր թունավոր քիմիական նյութեր, և տաքացման դեպքում դրանք կարող են վերածվել թունավոր միացությունների, որոնք ուղիղ հասնում են թոքերին։ Այդպիսի նյութերից են, օրինակ` բենզալդեհիդը, ցինամալդեհիդը կամ դիացետիլը, որի ազդեցությամբ է պայմանավորված թոքերի մանր բջիջների ախտահարումը` բրոնխիոլիտը (հայտնի որպես «փոփքորն թոք»): Այս քիմիական նյութերը ներշնչելու հետևանքով, շրջանցելով մարմնի բնական զտիչները, վայրկյանների ընթացքում հասնում են թոքեր և արյան հոսքին՝ առաջացնելով արագ և ուղղակի վնաս։ 2019 թվականին ԱՄՆ-ում արձանագրվել են վեյփինգի պատճառով թոքերի ախտահարման բարձր ցուցանիշներ, որը հայտնի է EVALI անունով։ Հազարավոր մարդիկ` հիմնականում երիտասարդներ, հոսպիտալացվել են, նույնիսկ մահացու ելքեր գրանցվել։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը` որպես հիմնական պատճառ, նշել է վիտամին E ացետատը, որը հաճախ հանդիպում է էլեկտրոնային ծխախոտներում։ Վիտամին E-ն անվտանգ է որպես վիտամինային հաբ օգտագործելու համար, սակայն յուղային կաթիլների ներշնչումը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ երիտասարդները, որոնք կանոնավոր վեյփ են օգտագործում, նույն վնասն են հասցնում թոքերին, ինչ ավանդական ծխախոտ ծխողները և կասկածի տակ դնում էլեկտրոնային ծխախոտի ավելի անվտանգ լինելու գաղափարը: Նշվում է նաև, որ վեյփինգը կարող է անվնաս թվալ, բայց այն անվնաս չէ: Քիմիական խառնուրդների ներշնչումը կարող է հանգեցնել թոքերի քրոնիկ հիվանդությունների` կրճատելով կյանքի տևողությունը։ Այս արտադրանքը գուցե նորաձև է թվում, սակայն կարող է լուրջ առողջական խնդրի վերածվել ընդամենը մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում։ Առողջապահության նախարարությունը հիշեցնում է. չկա ծխախոտային կամ նիկոտին պարունակող որևէ անվտանգ արտադրանք կամ դրանց օգտագործման անվնաս չափաբաժին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |