Անդրեասյան․ Վարչապետը մեկնաբանել է իր գրառումը, ավելացնելու որևէ բան չունեմ

Անդրեասյան․ Վարչապետը մեկնաբանել է իր գրառումը, ավելացնելու որևէ բան չունեմ

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը չի մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վիրավորական գրառումները հոգևորականների հասցեին։

«Կարծում եմ՝ վարչապետը մեկնաբանել է իր գրառումը, ավելացնելու որևէ բան չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Անդրեասյանի խոսքով՝ հանրային ձևավորված խոսույթը որևէ մեկին չի կարող դուր գալ ու դա նոր չէ, որ ձևավորված է։

«Լավ է, որ ուշադիր ենք, արժի, որ ուշադիր լինենք նաև բոլոր այն դեպքերում, երբ այդ բառամթերքը հնչում է տարբեր կողմերից, այդ թվում՝ իմ նկատմամբ»,- ընդգծել է Անդրեասյանը։

Երբ նրան հարցրել են՝ արդյոք ինքը ևս համաձայն է այն տեսակետին, թե «մեր եկեղեցիները չուլանացված են», նախարարը պատասխանել է, որ հուշարձանների պահպանման հարցում լուրջ անտեսումներ կան։

«Այն տրամաբանությունը, որը գործում է մեր որոշ եկեղեցիներում, թողնում է նման տպավորություն, ես ցավում եմ դրա համար»,- ասել է Անդրեասյանը։

Անդրեասյանն ավելացրել է, որ հանրային խոսքի նկատմամբ պետք է դրսևորվի մեծ ուշադրություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։

Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---