ՀՀ–ում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը

ՀՀ–ում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը

PanARMENIAN.Net - Հունիսի 13-15-ը Հայաստանի տարածքում կիրականացվեն «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումները՝ ներառելով հնագիտական տարածքներ, թանգարաններ, արգելոց-թանգարաններ և մի շարք այլ հարթակներ։

«Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրին Հայաստանը միացել է արդեն երրորդ տարին։ Մասնակցող կազմակերպությունների շարքում են ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, ինչպես նաև Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը։ Միջոցառմանը ներգրավված են նաև Հայաստանի պատմության թանգարանը, Էրեբունի արգելոց-թանգարանը, Երևանի պատմության թանգարանը, ինչպես նաև Լոռի-Փամբակի, Դիլիջանի, Գեղարքունիքի և Շիրակի երկրագիտական թանգարանները։ Ծրագիրը նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար և ուղղված է հնագիտությամբ հետաքրքրվողներին, հայտնում է ԿԳՄՍՆ–ն։

Դեռևս 2010 թվականից Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը «Եվրոպական հնագիտության օրեր» նախաձեռնության համակարգումը վստահել է Կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտին՝ Inrap-ին։

Երեք օր տևող այս միջոցառումների ընթացքում մարդիկ հնարավորություն են ստանում առաջին ձեռքից ծանոթանալ հնագիտությանը՝ այցելելով պեղավայրեր ու հետազոտական կենտրոններ, որոնք սովորաբար հասանելի չեն հանրությանը։

Բացի այդ, կազմակերպվում են հանդիպումներ հնագետների և հնագիտական գտածոների վերականգնողների հետ։ Ծրագրի շրջանակում տեղի են ունենում կրթական և տեղեկատվական միջոցառումներ՝ պեղումների գործընթացի մասնակցություն, ցուցադրություններ, թեմատիկ դասընթացներ, քայլարշավներ ու գտածոների վերականգնման գործնական աշխատանքներ։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---