Ասողիկ աբեղա․ Վեհափառը հայրաբար է կրում իր մոլորյալ զավակների ցավատանջ խոսքերն ու արարքները

Ասողիկ աբեղա․ Վեհափառը հայրաբար է կրում իր մոլորյալ զավակների ցավատանջ խոսքերն ու արարքները

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը հայտարարել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն «հայրաբար է կրում իր մոլորյալ զավակների ցավատանջ խոսքերն ու արարքները»։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է կաթողիկոսի դերը, ով «իր հոգևոր առաքելությամբ և անձնվեր բնույթով առանձնանում է որպես անփոխարինելի առաջնորդ»։

«Հայոց պատմությանը բնորոշ ծանր, տագնապալի օրեր ենք ապրում՝ որպես Երկիր, Ազգ և Եկեղեցի: Եվ, բնական է, որ ամեն ոք, ամեն համախմբում, ամեն ուժ իր տեսլականով է փորձում հաղթահարել կամ համակերպվել իրավիճակին: Եվ միայն Հայոց Եկեղեցին է, որ իր շուրջ երկհազարամյա կենսափորձով և իմաստությամբ՝ խաղաղ ու վճռական շարունակում է պահպանել ու պաշտպանել ազգային սուրբ ավանդը, ազգային հոգևոր ինքնությունը, հայրենական ողջ ժառանգությունը՝ անցյալի և ներկայի՝ սփռված բովանդակ Հայկական լեռնաշխարհում և գաղթօջախներում, այդպես նեցուկ լինելով Հայոց պետականությանն ու պետությանը:

Եվ այս սուրբ գործում բացառիկ ու անփոխարինելի է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի առաքելությունը, Հայոց Հայրապետի առաքինազարդ Անձը:

Այս սոսկալի անլսելի աղմուկի և անլույս տվնջյան մեջ՝ հոգուս պարտքն եմ համարում ասել, վկայել ձեզ ամենքիդ՝ պարզ հայորդուց մինչև Հայրենի պետության ամենավերին պաշտոնյա, որ աստվածային նախախնամությամբ Հայոց Եկեղեցու առաքելական Աթոռին է նստած՝ կրելով Հայոց հավատքի ծանրագույն խաչը, մի Հայրապետ, Ով անձնուրաց կերպով, հարաժամ, խորհում, խոսում և տքնում է միմիայն վասն Հայրենյաց և վասն Հավատո: Քաջածանոթ լինելով Հայոց Եկեղեցու պատմության բոլոր դեպքերին ու դեմքերին, ամենայն մանրամասնությամբ, ամենայն վստահությամբ արձանագրում եմ, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը մեր Ազգի և Եկեղեցու մեծագործ, հայրենասեր և ազգաշեն Կաթողիկոսներից մեկն է: Ինչպես իր նախորդ Մեծ Հայրապետները, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը նույնպես հայրաբար է կրում իր մոլորյալ զավակների ցավատանջ խոսքերն ու արարքները՝ միշտ շարունակելով հայրական սիրով աղոթել, հորդորել, զգուշացնել ու պատգամել, միշտ կարելին ու անկարելին անել ի շահ Սբ Եկեղեցու, Ազգի և Հայրենիքի:

Մեծ է Հայոց Հայրապետը և բացարձակ ճշմարտություն է նրա արթուն ու խոհեմ խոսքն ու արդար գործը. մերօրյա նրա իրագործումներն են վկայում, մերօրյա Ազգային պատմությունն է փաստում:

Եվ ինչպես մեր Վեհափառ Հայրապետը, նմանապես և մենք՝ նրա հոգեզավակ հոգևոր սպասավորներս, մեր դավանած, մեր քարոզած ճշմարտությանց համար, ի սեր Հայրենյաց և Աստծո, միշտ պատրաստ ենք հանձն առնելու նահատակության լուսավոր պսակը, քանզի մենք ցկատարած աշխարհի պարծենում ենք միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է մեզ համար, մենք էլ՝ աշխարհի համար (հմմտ. Գաղատ. Ե. 13, Զ. 14):

Արդ, լռենք և սիրով ծառայենք միմյանց՝ ի փառս Ամենազոր Աստծո, մեր հարազատ Երկրի, մեր փառապանծ Ազգի և մեր սքանչափառ Սբ Եկեղեցու»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։

Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։

Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---