Վարդանյան. Փաշազադեի ու Փաշինյանի թիրախավորումը Մայր Աթոռի նկատմամբ չի կարող պատահականություն լինել

Վարդանյան. Փաշազադեի ու Փաշինյանի թիրախավորումը Մայր Աթոռի նկատմամբ չի կարող պատահականություն լինել

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը կարծիք է հայտնել, որ Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Մայր Աթոռի թիրախավորումըչի կարող ուղղակի համընկնում լինել։ Նա այդ մասին ասել է ճեպազրույցում, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա նշել է, որ այն պատգամավորները, որոնք առիթ ունեցել են ծանոթանալ Ադբեջանի հետ քննարկվող փաստաթղթին, ահազանգել են, որ Հայաստանում իրականացվում է ապազգանացման, դենացիոնալիզացիայի ծրագիր Ադրբեջանի պահանջով, որ Հայաստան-Ադրբեջան պայամանագրում եղել է կետ, որով պարտավորվել են ռեվանշիզմի դեմ պայքար իրականացնել, իսկ Ադրբեջանը ռևանշիստ է համարում բոլոր նրանց, որոնք պայքարում են հայկական շահերի, հայկական իրավունքների համար։

Նրա դիտարկմամբ՝ համաձայնեցված պայմանագրի որոշ դրույթներ ուժի մեջ են մտել՝ առանց ստորագրման։

Վարդանյանը երկու դրվագ առանձնացրել. «Դա տեսնում ենք եկեղեցու նկատմամբ այս արշավով ու թիրախավորմամբ։ Համաձայնեցված կետերից մեկով երրորդ երկրի ուժեր չպետք է տեղակայված լինեն սահմանին, եւ ռուսական զորքերը դուրս բերվեցին Մեղրիի»։

Պատգամավորի փոխանցմամբ՝ սահմանադրության փոփոխության պահանջն արդեն ընթացքի մեջ է, ինչը նա ևս կապում է քննարկվող համաձայնագրի բովանդակության հետ։

«Փաշինյանն ասում է, որ եթե պայմանագիրը ստորագրվի, բայց հակասի սահմանադրությանը, ապա կփոխի սահմանադրությունը», - նկատել է Վարդանյանը։

Նրա համոզմամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դարձել է թիրախ, քանի որ բարձրաձայնում է Արցախի հայության իրավունքների պաշտպանությունը։

«Եկեղեցու թիրախավորման համար այլ որևէ տրամաբանական բացատրություն ուղղակի դուք չեք կարող գտնել։ Ինչո՞ւ, երբ արցախահայերը հանրահավաք են իրականացնում Հայաստանում, դրան հաջորդում է արցախահայերի նկատմամբ թիրախային ատելության արշավ։ Ինչո՞ւ է, երբ եկեղեցին աննահանջ բոլոր քարոզներում, բոլոր պատարագներում հանդես գալիս՝ այդ թվում արցախահայերի իրավունքների պաշտպանությամբ, երբ միջազգային խորհրդաժողով է հրավիրում, երբ խոսում է գերիների վերադարձի մասին, այսպիսի թիրախավորում է տեղի ունենում», - ասել է Քրիստինե Վարդանյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։

Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։

Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։

 Ուշագրավ
---