Հրանտ Մաթևոսյանի` Ահնիձորի տունը ճանաչվել է պատմամշակութային հուշարձան

Հրանտ Մաթևոսյանի`  Ահնիձորի տունը ճանաչվել է պատմամշակութային հուշարձան

PanARMENIAN.Net - Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է շնորհվել նաև Լոռու մարզի Ահնիձոր գյուղում տեղակայված՝ հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանին պատկանած բնակելի տանը, որը թվագրվում է 19-րդ դարի վերջով և 20-րդ դարի սկզբով։

2025 թվականի երրորդ նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովը քննարկել է Արարատի և Լոռու մարզերում տեղակայված յոթ պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տրամադրելու հարցերը։ Քննարկման օրակարգում ընդգրկված են եղել նաև հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր և այլ ընթացիկ հարցեր։

Արարատի մարզում գտնվող Արարատ գյուղի ամրոց-բնակատեղի 1-ը, ամրոց-բնակատեղի 2-ը և ամրոց-բնակատեղի 3-ը (ք.ա. հինգերորդ հազարամյակից մինչև միջնադար) ճանաչվել են որպես հանրապետական նշանակության հուշարձաններ։ Իսկ նույն մարզի Դաշտաքար գյուղի միջնադարյան Գյուղատեղին, ինչպես նաև Ուրցաձոր համայնքի երկու գյուղատեղիներ ստացել են տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ։

Ըստ սահմանված ընթացակարգի՝ բոլոր ընդունված նախագծերը կուղարկվեն համապատասխան համայնքների ղեկավարներին և տարածքային կառավարման մարմիններին՝ համաձայնեցման նպատակով։ Դրանից հետո հուշարձանների կարգավիճակները պաշտոնապես կվավերացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Բացի այդ, ներկայացվել է Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Թղիթ ամրոցի՝ օգտագործման հանձնելու հարցը, ինչպես նաև ամրոցի տարածքում բազմաֆունկցիոնալ զբոսաշրջային համալիրի ստեղծման ներդրումային ծրագիրը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---