ՀՀ–ում մեկնարկել են Վրաստանի մշակույթի օրերը

ՀՀ–ում մեկնարկել են Վրաստանի մշակույթի օրերը

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանը կազմակերպված «Մշակութային երեկո» միջոցառմամբ պաշտոնապես ազդարարվել է Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի բացումը:

Միջոցառման մասնակիցներին է դիմել Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն՝ շեշտադրելով երկու ժողովուրդների դարավոր մշակութային կապերի ուժը։

«Մեր պատմական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն։ Վրաց և հայ ժողովուրդներն աստվածաշնչյան Քարթլոսի և Հայոսի ժառանգներն են, որոնք կանգնած են մարդկային քաղաքակրթության և մշակույթի ակունքներում։ Մեր եղբայրությունն ու բարիդրացիությունը դարերի պատմություն ունեն, մեր ժողովուրդները, համատեղ հաղաթահարելով դժվարությունները, կարողացել են պահպանել պետականությունը և հասնել ներկա օրերին՝ շնորհիվ փոխադարձ օգնության և համագործակցության»,-ասել է նա։

Վրաստանի անկախության 107-ամյակի և Հայաստանում մշակույթի օրերի մեկնարկի առիթով ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով. «Հայաստանի և Վրաստանի պատմության ընթացքը դարերի խորքից եկող բարեկամության, համերաշխության և փոխադարձ հարգանքի վկայություն է։ Մեր ժողովուրդները կերտել են հարևանության եզակի մի օրինակ, որտեղ պատմական իրադարձությունները միայն ամրապնդել են փոխադարձ վստահությունը։

Այսօր էլ Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերություններն առանձնանում են ամուր արմատներով և վստահելի գործընկերությամբ: Մեր ժողովուրդները կապված են ոչ միայն աշխարհագրական հարևանությամբ, այլև մշակութային ժառանգությամբ, հոգևոր արժեքներով և քաղաքակրթական ընտրությամբ։ Մեր նախնիները դարերով կառուցել են կամուրջներ ոչ միայն քարից ու երկաթից, այլ նաև ոգեղեն ստեղծագործության, գրական խոսքի և արվեստի միջոցով։ Մենք պարտավոր ենք արժևորել այդ ժառանգությունը, պահպանել այն՝ որպես պատմական հիշողություն և փոխանցել ապագա սերունդներին՝ որպես հոգևոր հարստություն»։

Նա հավելել է, որ Վրաստանի մշակույթը մշտապես առանձնացել է իր ինքնատիպությամբ, դասական ու նորարար գեղագիտությամբ, ազգային և համամարդկային հարստությամբ:

«Այս օրերին հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա հաղորդակցվելու Վրաստանի հարուստ մշակույթին իր բոլոր դրսևորումներով, այդ թվում՝ ազգային խոհանոց, գինու ավանդույթներ, ստեղծարար ոլորտի ձեռքբերումներ։ Վստահ եմ՝ Վրաստանի մշակութային օրերը կհարստացնեն Հայաստանի մշակութային կյանքի գունապնակը՝ նոր բովանդակություն և ջերմություն հաղորդելով Հայաստան-Վրաստան միջմշակութային երկխոսությանը»,–ասել է նա։

Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարները հանդես են եկել համատեղ ճեպազրույցով՝ խոսելով երկու երկրների մշակութային հարաբերությունների խորացման հնարավորությունների մասին։ Հատկապես անդրադառնալով հարցին, թե ի՞նչ նոր նախաձեռնություններ են ծրագրվում երկու երկրների մշակութային ներուժն ի նպաստ զարգացնելու նպատակով, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն պատասխանել է, որ արդեն իսկ հասցրել ենք Վրաստանի մշակույթի նախարարի հետ քննարկել այս հարցը և առաջնային ենք համարել հատկապես երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը՝ նաև այսօր ստեղծվող արվեստի ճանաչելիության միջոցով:

«Այս առումով բազմաթիվ ծրագրեր կարող են իրականացվել կերպարվեստի, կինոյի, թանգարանային ոլորտներում»,–ասել է նա։

Նա հավելել է, որ Վրաստանի մշակույթի նախարարության վերահսկողության ներքո են նաև արվեստի բուհերը, ինչը նոր հարթակ է համագործակցության համար։ Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ գործընկերոջ այցը հաջող է եղել ինչպես ընդհանրությունների, այնպես էլ փոխվստահելի գործընկերության ամրապնդման տեսանկյունից։ Նա նշել է, որ արդեն ուրվագծվել է նաև հաջորդ փուլի զարգացման հեռանկարը։

«Լավագույն տպավորություններն եմ ստացել Երևան կատարած այցից։ Թե դուք՝ հայերդ, թե մենք՝ վրացիներս, շատ հին ազգ ենք, և շատ կարևոր է մեր մշակութային կապերն ավելի ամրապնդել ու սերտացնել»,- նշել է Թինաթին Ռուխաձեն՝ հայ գործընկերներին ջերմ ընդունելության համար իր երախտագիտությունը հայտնելով։

Հարցին, թե ինչ քայլեր են իրականացվում մշակութային ներուժի գործարկման ուղղությամբ, Վրաստանի մշակույթի նախարարը պատասխանել է․ «Այցի շրջանակում տեղի են ունեցել քննարկումներ համատեղ մշակութային նախագծեր իրականացնելու ուղղությամբ: Դրանցից որոշներն առաջիկայում կիրականացվեն»։

Մշակույթի օրերի մեկնարկային միջոցառման ժամանակ վրացի երաժիշտները հանդես են եկել երաժշտական կատարումներով՝ ներկայացնելով ինչպես վրացական, այնպես էլ հայկական սիրված ստեղծագործություններ։

Միջոցառմանը մասնակցություն են ցուցաբերել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, և երկու երկրների արվեստի ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---