Աբրահամյան. Անչափահասների մոլորվելը պայմանավորված է առաջնագծի ընդհանուր վիճակով

Աբրահամյան. Անչափահասների մոլորվելը պայմանավորված է առաջնագծի ընդհանուր վիճակով

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ընդգծել է, որ անչափահաս քաղաքացիների Արավուսի ուղղությամբ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելը պայմանավորված է առաջնագծի ընդհանուր վիճակով։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հասկանալու համար, թե ինչպես են մեր երկու քաղաքացիներն Արավուսի ուղղությամբ հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, պետք է իմանալ, թե միջդիրքային առումով ինչպիսի վիճակ է այդ ուղղությամբ:

Ինքս այդ ուղղությամբ բազմիցս եղել եմ և, անկեղծ ասած, զարմացած չեմ` անկախ այն հանգամանքից, թե ինչպես կամ ինչպիսի միջամտությամբ են նրանք հատել առաջնագիծը:

Մոտեցումը, որը դրված է նոր առաջնագծի տեղակայման հիմքում, տպավորություն է ստեղծում, որ մեր հարևանությամբ քաղաքակիրթ հարևան է, այլ ոչ թե մեզ հետ չավարտված պատերազմում գտնվող և մեր երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ դրսևորող Ադրբեջանը:

Չեմ ուզում դիրքային մի շարք առանձնահատկությունները դետալային քննարկման դնել, սակայն սրա պատասխանատուն երկրի ռազմաքաղաքական իշխանությունն է, ով առաջնագծի փիլիսոփայությունը դիտարկում է կեղծ խաղաղասիրական տրամաբանության ներքո»,–ասվում է գրառման մեջ։

Երկու դեռահաս տղաներ՝ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007 թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008 թ.), հայտնվել են Ադրբեջանի տարածքում, երբ 2025 թվականի հունիսի 6-ի լույս գիշերը՝ մոտավորապես ժամը 01:20-ին, մոլորվել են Սյունիքի մարզի Արավուս գյուղի մոտակա տարածքում։

 Ուշագրավ
---