ԱՆ․ ՀՀ–ում հնարավոր է դիակային դոնորից աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացնել

ԱՆ․ ՀՀ–ում հնարավոր է դիակային դոնորից աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացնել

PanARMENIAN.Net - Հայաստանում առկա են բոլոր հնարավորությունները` փոխպատվաստումներ սկսել նաև դիակային դոնորից, մասնավորապես` աչքի եղջերաթաղանթի, հայտնում է առողջապահության նախարարությունը։

«Մեր երկրում արդեն առկա են բոլոր հնարավորությունները փոխպատվաստումներ սկսել նաև դիակային դոնորից, մասնավորապես` աչքի եղջերաթաղանթի»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Կարևորելով դիակային դոնորությամբ կյանքեր փրկելն ու կյանքի որակի բարելավումը` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է. «Սա կյանք փրկող, բայց շատ զգայուն թեմա է, և այս ծրագրի հաջողությունը խիստ կախված է հասարակության ճիշտ ընկալումից: Պետք է հասարակությունը նախ իրազեկ լինի, այս թեմայով ստանա բացառապես ճշգրիտ ինֆորմացիա` զերծ բոլոր միֆերից, ինչի արդյունքում էլ հաստատ մշակույթի փոփոխություն տեղի կունենա»:

Դիակային դոնորությամբ կյանքեր փրկելու, ինչպես նաև առողջապահական ոլորտի զարգացման կարևորության մասին խոսել են ԱՆ խորհրդատուներն ու համապատասխան մասնագետները:

Ակնաբուժության գծով ԱՆ խորհրդատու Արտաշես Զիլֆյանը ներկայացրել է եղջերաթաղանթի դիակային փոխպատվաստումը Հայաստանում իրականություն դարձնելու անհրաժեշտությունը` նշելով հատկապես տեսողությունը կորցնելու վտանգի առաջ կանգնած երեխաների, պատերազմում վիրավորում ստացած և իրենց աչքի լույսին սպասող բազմաթիվ երիտասարդների մասին:

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, բարձր գնահատելով առողջապահության նախարարության հետ համագործակցությունը, ընդգծել է, որ վավերացնելով Օվիեդոյի կոնվենցիան` Հայաստանը հանձնառու է պաշտպանելու մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ:

Հայաստանում Աչքի բանկի ներդրման, բնակչության տեղեկատվության տրամադրման, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման նշանակության, ինչպես նաև դոնորության նախապայմանների ու իրավական կարգավորումների մասին հանգամանալից խոսել են ԱՆ մասնագետները:

Լրագրողների բազմաթիվ հարցերին պատասխանել են մասնագետներն ու տեսակապով միացել է նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին:

Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների:

2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի ցողունային բջիջների 27 փոխպատվաստում: 2023 թվականին իրականացվել է երիկամի 20, լյարդի 5 և ցողունային բջիջների 43 փոխպատվաստում: 2024 թվականին երիկամի 22, լյարդի 4 և ոսկրածուծի 57 փոխպատվաստում է իրականացվել: Իսկ 2025 թվականի մայիսի 21-ի տվյալներով` երիկամի 8, ոսկրածուծի ցողունային բջիջների 23 փոխպատվաստում է կատարվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---