Փաշինյան. Գարեգին Բ–ն պետք է ազատի Վեհարանը

Փաշինյան.  Գարեգին Բ–ն պետք է ազատի Վեհարանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «ՀԱԵ–ն պետք է ունենա նորընտիր կաթողիկոս», և կոչ է արել եկեղեցու հետևորդներին համախմբվել «Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը ևւ զավակ ունի։

Սա փաստ է և եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։

Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։

Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի»,–գրել է նա։

Ավելի վաղ, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի այցին Մայր աթոռ և աջակցությանը կաթողիկոսին, Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե Տեր-Պետրոսյանն իհարկե «պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»։

«Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է և նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին», - գրել է Փաշինյանը:

Հայաստանի առաջին նախագահը նախորդ օրը այցելել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և առանձնազրույց է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

«Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը», հայտնել է Մայր Աթոռը։

Մեկ այլ գրառմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եկեղեցին նույնպես պետք է վերադարձվի ժողովրդին, ինչպես արվել է պետության դեպքում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։

Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։

Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։

 Ուշագրավ
---