Հակոբյան․ Շատ կցանկանայի, որ Հախվերդյանն ուղիղ ինձնից լսեր, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է»

Հակոբյան․  Շատ կցանկանայի, որ Հախվերդյանն ուղիղ ինձնից լսեր, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է»

PanARMENIAN.Net - Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդրադարձել է հայտնի երգիչ և երգերի հեղինակ Ռուբեն Հախվերդյանի քննադատական խոսքերին «կրթվելը նորաձև է» շարժման հասցեին՝ նշելով, որ շատ կցանկանար, որ Հախվերդյանն ուղիղ իրենից լսեր, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է»:

Ըստ Հակոբյանի՝ «մտավորականները պետք է շտապեն լուսանցքում չմնալ և միանալ այս շատ կարևոր խոսակցությանը»:

«Ռուբեն Հախվերդյանի երգերը ինձ համար մեծ արժեք ունեն, և, հետևաբար, այդ երգերը ստեղծողը՝ մեծ հեղինակություն է։ Շատ կցանկանայի, որ հատկապես նա ուղիղ ինձնից լսի, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է»։ Արտիստը, երգահանը, իհարկե, պետք է խոսի ժողովրդի անունից, ներկայացնի նրան։ Այլ կերպ չի էլ լինում։

Բայց «Կրթվելը նորաձև» է շարժման նպատակներից մեկն էլ այն է, որ մենք դադարենք գնահատել մի բան, որի մասին մասին բավարար չափով տեղեկատվություն, գիտելիք և պատկերացում չունենք։ Մոլորություն է վստահ լինելը, թե ով գիտի՝ ինչ ասել է կրթություն, գիտի նաև՝ ինչի մասին է «Կրթվելը նորաձև է» շարժումը։

Ի դեպ՝ 8000 մարդ Երևանում և մարզերում արդեն լսել է «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսությունները։ Կարծում եմ՝ առավել ևս, մտավորականները պետք է շտապեն լուսանցքում չմնալ և միանալ այս շատ կարևոր խոսակցությանը»,–գրել է նա։

Ռուբեն Հախվերդյանը Factor-ին տված հարցազրույցում ասել է․ «Ի՞նչ ասել է կրթվելը նորաձև է։ Պատկերացնում ենք այդպիսի հարց տային Սոկրատեսի ժամանակ՝ կասեր, ինչ հիմար բան եք ասում։ Մարդիկ միշտ են ձգտել կրթության։ Դրա նորձևը ո՞րն է»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---