Խուդաթյան. Իմպիչմենտը կձախողվի, իսկ 2026-ին կհաղթենք 50+1 ձայներով

Խուդաթյան. Իմպիչմենտը կձախողվի, իսկ 2026-ին կհաղթենք 50+1 ձայներով

PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը և Դավիթ Համբարձումյանին վարչապետի թեկնածու առաջադրելուն, նշել է, որ դա նրանց իրավունքն է։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ իմպիչմենտը ձախողվելու է, իսկ 2026-ի խորհրդարանական ընտրություններում իշխող ուժը կհաղթի 50+1 ձայներով, հայտնում է Panorama.am-ը։

«Դա իրենց իրավունքն է, կարող են անել այն, ինչ ուզում են»,-asel 1 na

Նրա խոսքով՝ բազմաթիվ թեկնածուներ են առաջադրել՝ ընդդիմության տարբեր ժամանակների կարկառուն ներկայացուցիչներ, իրենց ձախողումից հետո նաև, պայմանական ասած, կարկառուն հոգևորականներ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ։

«Հիմա էլ առաջադրում են համայնքային պաշտոնյաների։ Մենք, որպես կառավարող մեծամասնություն, մտահոգություն չունենք Հանրապետականի այս կամ այն առաջադրումների մասով։ Մենք վստահ ենք, որ իմպիչմենտի գործընթացը ձախողվելու է։ Հանգիստ պատրաստվում ենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին այն վստահությամբ, որ խորհրդարանական ընտրություններին ունենալու ենք ճնշող առավելություն՝ այն է հաղթանակ 50+1 ձայներով»,- ասել է նա։

Անդրադառնալով Գյումրիում և Փարաքարում կայացած տեղական ինքնակառավարման ընտրություններին և իշխանական թեկնածուների պարտությանը՝ նախարարը նշել է, որ դրանք մեծ քաղաքական նշանակություն չունեցող տեղական ընտրություններ են։

«Մարդիկ ավելի շատ անձով պայմանավորված ընտրություններ են կատարել։ Պիտի ասեմ, որ դրանով էր պայմանավորված նաև Գյումրիում մեր թեկնածուի առաջին տեղը։ Այո, ձայների թիվը բավարար չի եղել, և ընդդիմությունը կարողացել է կոալիցիա կազմելով՝ Գյումրիում իշխանություն ձևավորել։ Բայց դրանք տեղային ընտրություններ են, հենց այդ տեղային լինելու տրամաբանությունը ապացուցվում է մի պարզ փաստով. նույն քաղաքական ուժը նույն օրը կայացած ընտրություններում, ընդամենը 80 կիլոմետր հեռավորության, կարող է մի վայրում հավաքել 57 տոկոս ձայն, իսկ մյուս վայրում՝ ընդամենը երեք տոկոս և նույնիսկ չհաղթահարել շեմը։

Խոսքը «Ապրելու երկիր» կուսակցության մասին է։ Սա գալիս է ապացուցելու, որ դրանք անձով պայմանավորված ընտրություններ են, և մենք այստեղ մտահոգություն չունենք։ Առավել ևս՝ ես վստահ եմ, որ դուք էլ չեք կարծում, թե 2026 թվականի ընտրություններին, Գյումրիի օրինակով, Հանրապետությունում կոմունիստական կուսակցությունը կարող է ստանալ 20 և ավել տոկոս ձայն։ Այսինքն՝ այստեղ ևս մտահոգվելու ոչինչ չունենք»,- ասել է Խուդաթյանը։

 Ուշագրավ
---