Վարչապետի խոսնակն անդրադարձել է Փաշինյանի՝ Թուրքիա մեկնելու մասին լուրերին

Վարչապետի խոսնակն անդրադարձել է Փաշինյանի՝ Թուրքիա մեկնելու մասին լուրերին

PanARMENIAN.Net - Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Անկարա կատարելիք այցի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման մասին պտտվող խոսակցություններին, ոչ հաստատել, ոչ էլ մերժել է այդ լուրերը, հայտնում է Factor.am-ը։

«ՀՀ վարչապետի բոլոր միջազգային այցերի վերաբերյալ ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»,–նշել է նա։

Ավելի վաղ 24News-ը, հղում անելով սեփական բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ հանդիպում է ունենալու Էրդողանի հետ։

Ըստ աղբյուրի, երկու առաջնորդները պատրաստվում են քննարկել թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացքը, թե՛ հայ-թուրքական երկխոսության հարցերը։ Բացի այդ, օրակարգում ներառված են ուշագրավ կետեր, որոնք առնչվում են Բաքվի հետ «խաղաղության համաձայնագրի» հնարավոր կնքմանն ու որոնց վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ։

Մայիսի 16-ին Տիրանայում Նիկոլ Փաշինյանը զրույց էր ունեցել Թուրքիայի նախագահի հետ։ Անցած տարի սեպտեմբերին էլ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի էր ունեցել Փաշինյանի և Էրդողանի ևս մեկ հանդիպում:

 Ուշագրավ
---