Կոպիրկին. ՌԴ-ի ու ՀՀ-ի մոտեցումները ոչ միշտ են համընկնում, բայց ազնիվ երկխոսություն կա![]() 13 հունիսի 2025 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումները միշտ չէ, որ համընկնում են, բայց նրանց միջև ազնիվ երկխոսություն է ընթանում: Դիվանագետի գնահատմամբ՝ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները ծառայում են որպես հասուն ռազմավարական գործընկերության ու դաշնակցային կապերի օրինակ՝ հիմնված պատմական մտերմության, ժողովուրդների դարավոր փոխկապակցվածության և միջպետական բազմաշերտ համագործակցության վրա, հայտնում է Sputnik Արմենիան։ «Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում երկկողմ շփումների կայուն դինամիկան ինքնին խոսուն է։ Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերոջ և ներդրողի դերը։ Ռուսաստանի տնտեսական օպերատորները պետական բյուջեի առանցքային հարկատուներն են, բարեխիղճ գործատուներ ու բարերարներ»,-ասել է դեսպանը։ Նրա կարծիքով՝ առանձնահատուկ կարևորություն ունի այն հանգամանքը, որ երկկողմ առևտրի 96 տոկոսն իրականացվում է ազգային արժույթներով։ Առևտրատնտեսական ոլորտում ակնառու առաջընթաց է գրանցվել ԵԱՏՄ-ի շրջանակում համատեղ ծրագրերի շնորհիվ։ Բացի տնտեսական ուղղությունից, ըստ Կոպիրկինի, Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության մեջ ավանդաբար կարևոր տեղ է զբաղեցնում մշակութային և հումանիտար կապերի զարգացումը, ինչպես նաև կրթության և գիտության բնագավառների գործընկերությունը։ Այս տարվա հոկտեմբերին նախատեսվում է Մոսկվայում անցկացնել Հայաստանի մշակույթի օրերը։ «Արտաքին քաղաքական հարցերում մեր գնահատականներն ու մոտեցումները միշտ չէ, որ համընկնում են, բայց համոզված ենք, որ բաց և ազնիվ երկխոսությունը գործընկերության հասունության վկայությունն է, կայուն և փոխշահավետ համագործակցության գրավականը։ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ապահովմանը»,-նշել է Կոպիրկինը։ Դեսպանը հիշեցրել է նաև, որ այս տարի լրանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մասին պայմանագրի 30-ամյակը և Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության 10-ամյակը։ Նա նշել է, որ ռուս սահմանապահները հայ գործընկերների հետ միասին պատվով են իրականացնում ՀՀ պետական սահմանի՝ հայ-թուրքական և հայ-իրանական հատվածների հսկողությունը։ Մոսկվան, ինչպես ընդգծել է Կոպիրկինը, պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացում։ «Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ բարձր մակարդակի պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն առաջ մղելու համար։ Ողջունում ենք խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման ավարտը և առաջարկում ենք դրա ստորագրման արարողությունը կազմակերպել ռուսական հարթակում։ Պատրաստ ենք նպաստել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և մյուս հումանիտար խնդիրների լուծմանը»,-նշել է դեսպանը։ Իր հերթին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական հարաբերությունները դինամիկ զարգանում են իրավահավասարության և փոխադարձ հարգանքի ամուր սկզբունքների հիման վրա: «Կարող ենք փաստել, որ Հայաստանն ու Ռուսաստանը, կենտրոնանալով երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության վրա, միտված են շարունակել բովանդակալից և կառուցողական երկխոսությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում»,-ասել է Գրիգորյանը։ Նա հավելել է, որ միջազգային տնտեսության աճող անկայունության պայմաններում կողմերը շարունակում են արդյունավետ փոխգործակցել նաև միջազգային հարթակներում։ Փոխվարչապետը ընդգծել է իր վստահությունը, որ կառուցողական երկխոսությունը երկու երկրների միջև կշարունակի ընդլայնվել՝ ամրապնդելով հայ և ռուս ժողովուրդների բարեկամական կապերն ու համագործակցությունը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին, իսկ նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |