ԱԳՆ․ Իրանի և Իսրայելի հայ համայնքում զոհեր չկան

ԱԳՆ․ Իրանի և Իսրայելի հայ համայնքում զոհեր չկան

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարությունը հավաստիացնում է՝ Իրանում ու Իսրայելում հայ քաղաքացիների զոհերի մասին տեղեկություններ չկան։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իրանի և Իսրայելի տարածքում տեղի ունեցած զոհերի թվում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիներ չեն հայտնաբերվել, հայտնում է «Ազատությունը»։

Նշվում է, որ համապատասխան դեսպանությունները տեղում «հանդես են եկել համապատասխան հաղորդագրություններով՝ տրամադրելով անհրաժեշտ կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով մշտական կապ է պահպանվում ՀՀ քաղաքացիների հետ»։

Նախարարությունը նաև ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները շարունակական կապի մեջ են ինչպես տվյալ երկրներում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, այնպես էլ տեղի պաշտոնական մարմինների հետ։

Իրանի ուղղությամբ Իսրայելի արձակված հրթիռներից մեկի պայթյունը տեղի է ունեցել հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությանը հարող տարածքում։

Օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը հայտնել է, որ պայթյունի հետևանքով գրասենյակի պատուհանների ապակիներն են փշրվել, սակայն շենքն այլ վնաս չի կրել, հայտնում է Factor.am-ը։

«Վայրագ, անմարդկային հարձակում էր, այդ շենքն, որի ուղղությամբ եղել է հարվածը, ամբողջությամբ փլուզվել է, խաղաղ բնակչության շրջանում զոհեր կան։ Խմբագրության անձնակազմից, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, թեթևակի վիրավորներ էլ չենք ունեցել, որովհետև աշխատակազմն այդ ժամին այնտեղ չի եղել, բայց եթե լիներ էլ, որևէ մեկը վնաս չէր կրելու», – ասել է Շահնազարյանը։

Նրա փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով խափանվել է ինտերնետ կապը, ինչի պատճառով տպագիր տարբերակը մի քանի օր չի տարածվի։

Շահնազարյանի խոսքով՝ հունիսի 16–ից կսկսվեն վերականգնողական աշխատանքները, իսկ մինչ այդ գործում են «Ալիք» օրաթերթի կայքը և ինստագրամյան էջը։

Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ թիրախավորելով ռազմական և միջուկային նշանակության օբյեկտներ։ Ավելի ուշ Իրանը արձագանքել է՝ Իսրայելի ուղղությամբ արձակելով հրթիռների նոր ալիքներ։ Կողմերն այս պահին էլ շարունակում են հրթիռակոծությունները միմյանց նկատմամբ։

 Ուշագրավ
---