Իրան–Իսրայել ճգնաժամի պատճառով հետաձգվել է Չինաստանից մուլտիմոդալ երթուղու գործարկումը

Իրան–Իսրայել ճգնաժամի պատճառով հետաձգվել է  Չինաստանից մուլտիմոդալ երթուղու գործարկումը

PanARMENIAN.Net - Իրանա–իսրայելական հակամարտության պատճառով Չինաստանից Հայաստան նախատեսված նոր մուլտիմոդալ երթուղու գործարկման ժամկետները փոխվել են։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը, գրում է Sputnik Արմենիան։

Նոր երթուղին, որը պիտի անցներ Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքով, նախատեսված էր գործարկել հունիս ամսին։

«Կողմերի միջև համաձայնագիր է ստորագրվել։ Նախատեսում էինք հունիսի 20-ից հետո գործարկել չինական Սիանից Երևան առաջին կոնտեյներային գնացքը։ Սակայն իրանա–իսրայելական հակամարտության սրացման ֆոնին առաքումը չեղարկվեց, քանի որ բեռը չի կարող հատել Իրանի տարածքը», - ասել է Իվանովը։

Նրա խոսքով, երթուղին մուլտիմոդալ է, այսինքն՝ ներառում է միաժամանակ ծովային և ցամաքային՝ բեռնատար փոխադրումներ։

Այս նախաձեռնության հեղինակը հայկական կողմն է, իսկ երթուղու տեխնիկական կազմակերպումը վերապահված է Ղազախստանին։ Ըստ ծրագրի՝ Չինաստանից մեկնող կոնտեյներային գնացքը հասնելու է Ղազախստան, այնուհետև՝ Թուրքմենստան, այնտեղից անցնելու է Իրանի տարածքով՝ հասնելով Ջուլֆայի կայարան-տերմինալ։ Այդտեղ բեռնարկղերն ապաբեռնաթափվելու են, իսկ ապրանքները բեռնատարներով հասցվելու են Երևան։

Տվյալ երթուղով բեռները Չինաստանից Հայաստան պետք է տեղափոխվեին մոտ 25 օրվա ընթացքում։ Չնայած ծովային փոխադրումներից ավելի թանկ լինելուն, այս տարբերակը տնտեսական տեսանկյունից ավելի շահավետ է, քան ավտոմոբիլային փոխադրումները։

Ներկայում Չինաստանից Հայաստան ապրանքների ներմուծումը իրականացվում է երկու հիմնական ճանապարհով՝ կամ ԱՄԷ-ի Դուբայով ու Իրանով՝ Բենդեր Աբբասի նավահանգստի միջոցով, կամ Աֆրիկայի շուրջ ծովային ճանապարհով՝ Միջերկրական ծով մտնելով Բարեհուսո հրվանդանի շրջանցմամբ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---