ԱԻՊԽ․ Մտահոգիչ է, որ վերահսկվող էջի մեկնաբանություններում թույլատրվում է արցախցիների դեմ ուղղված ատելություն

ԱԻՊԽ․ Մտահոգիչ է, որ վերահսկվող էջի մեկնաբանություններում թույլատրվում է արցախցիների դեմ ուղղված ատելություն

PanARMENIAN.Net - Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը (ԱԻՊԽ) անհրաժեշտ է համարել արձագանքել ՀՀ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի գրառմանը, որն անդրադառնում է Արցախի պետական կառույցներին և արցախցի հայրենակիցներին, և դրա մեկնաբանություններին։

«Մտահոգիչ են նշյալ հրապարակման տակ հնչող ատելության խոսքեր, որոնք, մեր գնահատմամբ, պարունակում են հակաօրինական բովանդակություն։

Անշուշտ, յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտել իր տեսակետը, անգամ եթե դա իր մեջ ներառում է որոշ տերմիններ, ինչպիսին է «սեպարատիստական կառույցները», որին չենք կարող չանդրադառնալ՝ որպես վիրավորական և հասարակության մեջ պառակտում սերմանող երևույթ։

Մեզ համար մտահոգիչ է, որ այդ վերահսկվող էջի մեկնաբանություններում թույլատրվում են արցախցիների դեմ ուղղված ատելության, թշնամանքի, վիրավորանքների և բռնության հորդորների տարածումը։

Արցախցիների նկատմամբ նման վերաբերմունքը մենք չենք կարող հանդուրժել։ Խորհուրդը հետևողականորեն պայքարելու է ատելության խոսքի տարածման դեմ, որը համարում ենք հակասահմանադրական և օրենքի սահմանները խախտող երևույթ։

Ապրիլ ամսից ի վեր Խորհուրդը ներկայացրել է մի շարք հաղորդումներ ՀՀ դատախազություն՝ սոցիալական տարբեր ցանցերում տարածվող ատելության խոսքի վերաբերյալ։ Այս պահի դրությամբ մի քանի հաղորդման հիման վրա քրեական գործեր են հարուցվել։

Այս պարագայում ևս դիմելու ենք ՀՀ դատախազությանը և ՀՀ իրավապահ մարմիններին՝ նմանատիպ դեպքերի նկատմամբ անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկելու կոչով։ Իրավապահ մարմինների լռությունն այս պարագայում կարող է դիտարկվել որպես թողտվություն և արդարացում նման երևույթների»,–ասվում է հայտարարության մեջ։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հայտարարել է, որ ՀՀ տարածքում չեն կարող գործել այլ պետական ինստիտուտներ ոչ հիմա, ոչ ապագայում։ Անդրադառնալով Արցախի պետնախարարի նշանակման մասին լուրին՝ նա «սեպարատիստական» է անվանել պետությանը զուգահեռ ստեղծվող կառույցները։

 Ուշագրավ
---